Հուլիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության և Ռազմական համալսարանի ներկայացուցիչների պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Եռօրյա աշատանքային այցի նպատակն է երկկողմ բանակցություններին մասնակցելն ու 2016-2017թթ. ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ԶՈւ զինծառայողների` ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում պատրաստման և վերապատրաստման լրացուցիչ պայմանագրեր կնքելը:
Նշենք, որ ռազմական կրթության հարցը եղել է նաև հունիսի 15-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգում:
«Մեր համագործակցության թեմաները և հագեցվածությունը բավարարում է մեզ: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ շեշտել կրթության ուղղությունը՝ ձեր սպաների մեծ մասը սովորում են մեր ուսումնական հաստատություններում», — հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Այս տարի, ըստ Շոյգուի, արդեն 200 սպա է դիմել սովորելու համար, որը Մոսկվան հաստատելու է: