Ռուսաստանյան ОПК ռազմարդյունաբերական ընկերությունը հուլիսի 11-14-ին անցկացվող ամենամյա «Ինոպրոմ» ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է Ռուսաստանում ամբողջովին 3D-տպիչով պատրաստված առաջին ԱԹՍ-ն: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Եռաչափ տպիչով ԱԹՍ-ի պատրաստումը տևում է 1 օր, իսկ բաղկացուցիչ մասերը հավաքվում են գործարկելուց առաջ 15-20 րոպեի ընթացքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ անօդաչու սարքը կարող է կրել տեսանկարահանող սարքեր և իրականացնել դիտարկման ու հետախուզական առաջադրանքներ:
Ինքնաթիռային տիպի (fixed-wing) անօդաչու սարքը կարող է առաջադրանքներ իրականացնել մինչև 50 կմ շառավղով հեռավորության վրա: Սարքը կշռում է 4 կգ-ից պակաս, իսկ թևերի բացվածքը 2,4 մետր է:
«Ադիտիվ տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս զգալիորեն արագացնել և էժանացնել սարքի նախագծման և սերիական արտադրության ընթացքը: Այս սարքի առավելություններից է այն, որ դրա յուրաքանչյուր դետալը կարելի է արագ պատրաստել տեղում, անգամ մարտական պայմաններում», — նշել է ОПК ընկերության փոխտնօրեն Սերգեյ Սկոկովը:
Նշենք, որ դեռ մեկ տարի առաջ՝ 2015-ի հունիսին, ՌԴ ռազմարդյունաբերական կոմիտեի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը քննադատաբար հայտարարել էր, որ ԱԹՍ-ների և ռոբոտների տեխնոլոգիական հեղափոխությունն անցել է Ռուսաստանի կողքով՝ նկատի ունենալով, որ ռուսաստանյան նախագծողները զգալի հետ են մնացել ոլորտի համաշխարհային առաջատարներից:
Այդ քննադատությունից հետո Ռուսաստանում ռոբոտների և ԱԹՍ-ների բազմաթիվ նոր տարբերակների նախագծման մասին է հայտարարվել, դրանց մի մասը նաև ընդունվել է Ռուսաստանի ԶՈւ սպառազինության մեջ:
Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան