Ռազմաշաբաթ. Հայաստան. 3–9 հուլիսի, 2016

Թշնամին հայկական դիրքերին կրակել է հրաձգային զենքերով, փորձել է դիվերսիա անել • Զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող • Ավտովթարից վիրավորվել է ՀՀ ԶՈւ 15 զինծառայող • Նախագահը մի շարք գեներալների նշանակել է բարձր պաշտոններում • «Տանկային բիաթլոնում» Հայաստանը կմրցի նաև Ադրբեջանի հետ • ՊԲ-ում անցկացվել են հարձակողական զորավարժություն, հրամանատարական դասընթաց • ՀԱՊԿ ԱԳ նախարարները հավանություն են տվել ՀԱՊԿ-2025 ռազմավարությանը • Հայաստանը կշարունակի խաղաղապահներ ուղարկել Աֆղանստան 2016-ից հետո • Հայկական ռազմարդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերին • Ապրիլի մարտերից հետո Արցախին է տրամադրվել 100 ավտոմեքենա, 4,5 մլրդ դրամ • Կառավարությունը կֆինանսավորի նաև արտերկրում բուժվող զինծառայողի ուղեկցի ծախսը • ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան պատրաստվում է ամբողջ անձնակազմով զորավարժությանը

1. Հայաստանի նախագահի դիմավորումը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, 2. ՀՀ ԶՈւ բարձր պաշտոնների նշանակված գեներալները, 3. ՊԲ հարձակողական զորավարժության ընթացքը, 4. ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դեսանտավորման վարժանքները Հայաստանում

1. Հայաստանի նախագահի դիմավորումը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, 2. ՀՀ ԶՈւ բարձր պաշտոնների նշանակված գեներալները, 3. ՊԲ հարձակողական զորավարժության ընթացքը, 4. ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դեսանտավորման վարժանքները Հայաստանում

• Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինուժն Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է հիմնականում հրաձգային զինատեսակներով, այդ թվում և դիպուկահար հրացաններով:

• Հուլիսի լույս 8-ի գիշերը թշնամին դիվերսիայի փորձ է արել, որը կանխվել է ՊԲ կանխարգելիչ գործողությունների արդյունքում: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել է, թե իրենց կողմը դիվերսիայի փորձ չի արել:

• Մինչ այդ՝ հուլիսի 5-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե «հայկական կողմի կրակոցից» հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Նույն օրը ՀՀ ՊՆ-ն հերքել է հայկական կողմի առնչությունն ադրբեձանցի զինծառայողի սպանությանը:

• Հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում կզակի շրջանում հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

• Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ԳԱԶ-66 ավտոմեքենան Սյունիքի Կարմրաքար գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Ավտոմեքենայի 15 զինծառայողները տեղափոխվել են Կապանի ԲԿ՝ հետազոտման համար։

Ձախից աջ՝ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյան, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան, գեներալ-մայոր Պողոս Պողոսյան

Ձախից աջ՝ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյան, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան, գեներալ-մայոր Պողոս Պողոսյան

• Հուլիսի 7-ին Հայաստանի նախագահի հրամանագրերով մի շարք զինվորականներ նշանակվել են բարձր պաշտոնների.

  • ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը (նախկինում ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար),
  • Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը (նախկինում ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար),
  • ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ է նշանակվել գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը (նախկինում ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար):

Բանակային կորպուսների հրամանատարների՝ թափուր մնացած պաշտոններում համապատասխանաբար նշանակվել են.

• Հայաստանը հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը Ռուսաստանում անցկացվելիք «Բանակային միջազգային խաղերին» կմասնակցի «Տանկային բիաթլոն» և «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթներում: «Տանկային բիաթլոնի» ժամանակ Հայաստանը մրցելու է մասնավորապես Ադրբեջանի և Իրանի տանկիստների հետ:

• Նախորդ շաբաթ ՊԲ-ում անցկացվել է ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման հարձակողական զորավարժություն, որին ներգրավված են եղել տանկեր, ՀՄՄ-ներ և «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայաններ:

ՊԲ ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման տանկերից մեկը զորավարժության գրոհի ժամանակ

ՊԲ ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման տանկերից մեկը զորավարժության գրոհի ժամանակ

• Հունիսի 28-ից հուլիսի 2-ը ՊԲ-ում անցկացվել են հրամանատարական հավաքներ, որոնց ներգրավվել են բանակի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարները, նրանց տեղակալները:

• Հուլիսի 4-ին Երևանում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստ, որում քննարկվել է նաև ՀԱՊԿ մինչև 2025թ. ռազմավարությունը, որը ներկայացվելու է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:

• Հուլիսի 8-9-ին Հայաստանի նախագահը Վարշավայում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների գագաթաժողովին, որի շրջանակներում ներկա է եղել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ղեկավարների հանդիպմանը և վերահաստատել է Հայաստանի մասնակցությունը առաքելությանը:

Հայաստանի նախագահին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման վայրում դիմավորում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Լեհաստանի նախագահը

Հայաստանի նախագահին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման վայրում դիմավորում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Լեհաստանի նախագահը

• Հայկական ArmHiTec ռազմարդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 13-15-ին և կընդգրկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի միջոցառումների մեջ: Ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացնելու են Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների ռազմարդյունաբերական ընկերություններ:

• Հուլիսի 8-ին Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ղեկավար, վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվությունը, ըստ որի՝ Պաշտպանության բանակին, փրկարար ծառայությանը, շտապօգնության կայաններին և հիմնականում շրջանային պետական կառավարման համակարգերին 100-ից ավելի նոր մեքենա է տրամադրվել: Դրամական փոխանցումները կազմել են 4 մլրդ 562 մլն 175 հազար դրամ:

• Հուլիսի 7-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով Հայաստանում բուժման անհնարինության պատճառով արտասահմանում բուժվող ՀՀ զինծառայողների բուժման, կեցության և այլ ծախսերը պետությունը կփոխհատուցի ոչ միայն զինծառայողի մասով, այլև նրան ուղեկցողի մասով:

• Հուլիսի 4-7-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պատվիրակությունը Ռումինիայում մասնակցել է «Քաղաքացիական-ռազմական համագործակցության շրջանակներում առողջությանը սպառնացող աղետների արձագանքում» խորագրով սեմինար-վարժանքի:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզների դեսանտավորման վարժանքները Հայաստանում

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզների դեսանտավորման վարժանքները Հայաստանում

• Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված ռազմաբազայի ԱԹՍ-ների ստորաբաժանումները շաբաթվա ընթացքում փորձնական թռիչքներ են կատարել՝ հուլիսի կեսերին ամբողջ ռազմաբազայի կազմով անցկացվելիք զորավարժությանը պատրաստվելու համար: Նույն նպատակով ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները դաշտային ելք են անցկացրել «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:

Զորավարժությանը պատրաստվելու համար ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ գրոհային ուղղաթիռների օդաչուները թռիչքներ են կատարել թույլատրելի նվազագույն և առավելագույն բարձրությունների վրա: Նույն նպատակով դեսանտավորման գործողություններ են իրականացրել ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *