Վարշավայում սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը

Հուլիսի 8-9-ին Վարշավայում անցկացվելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների գագաթաժողովը, որին մասնակցելու համար այսօր Լեհաստան է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը մասնակցելու է մասնավորապես Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի լոգոն

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի լոգոն

Վարշավայի գագաթաժողովին մասնակցելու համար այնտեղ են մեկնել նաև Ադրբեջանի և Վրաստանի նախագահները: Առավել մեծ ակնկալիքներ այս գագաթաժողովից ունի հենց Վրաստանը, որը հույս ունի ներգրավվել ՆԱՏՕ-ի սևծովյան տարածաշրջանային անվտանգության համակարգին, որին անդամակցում են Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան:

Վրաստանն ակնկալում է նաև ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի ընդլայնում (Փաթեթը Վրաստանի պաշտպանության ամրապնդման միջոցառումների ծրագիր է: Երկրի իշխանությունները հույս չունեն, որ երկիրը կընդունվի ՆԱՏՕ-ի կազմ, սակայն ակնկալում է գոնե նշված փաթեթի ընդլայնում):

«Այս երկու օրվա համար մեր հիմնական նպատակն է առավելագույնս մոտեցնել մեր երկիրը եվրատլանտյան տարածքին: Բայց ամենակարևորն է Վարշավայից որքան հնարավոր է ավելի շատ պաշտպանության ոլորտի հնարավորություններ բերել Վրաստանի համար», — Վարշավայի գագաթաժողովի վերաբերյալ նշել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա երկրի նախագահը Վարշավա է մեկնել հուլիսի 7-ին և արդեն հասցրել է հանդիպել Աֆղանստանի նախագահին (Ադրբեջանը խաղաղապահներ ունի Ադրբեջանում), ինչպես նաև հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և քննարկել Արցախյան հարցը:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը լավ հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի հետ Արցախյան հակամարտության շուրջ երկխոսությունը շարունակելու համար:

Ինչ վերաբերում է գագաթաժողովի ընդհանուր օրակարգին, ապա քննարկվելու են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության ժամկետի երկարացումը մինչև 2017թ. և Աֆղանստանի ուժայինների ֆինանսավորման երկարացումը մինչև 2020թ.:

Բացի այդ, օրակարգում է նաև Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակների, իսկ Ռումինիայում՝ բազմազգ բրիգադի  տեղակայման հարցը:

One response to “Վարշավայում սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 3–9 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *