Հայաստանի կառավարությունն իր հուլիսի 7-ի նիստում ընդունել է որոշում, որով ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն վերջինիս ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը:
Մինչ այս՝ 2015-ի հունիսին ՀՀ Ազգային ժողովն ընդունել էր օրենք, որով եթե մարտական հերթապահության ժամանակ կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ ԶՈւ զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության բուժումը Հայաստանում հնարավոր չլինի, ապա բուժումը կազմակերպվելու է արտերկրում՝ ՀՀ բյուջեի հաշվին:
ՀՀ կառավարության՝ օրենքի կատարումն ապահովող որոշման մեջ սահմանվել էին զինծառայողների ծախսերի փոխհատուցման ծախսերը, սակայն բաց էին թողնվել նրա ուղեկցողի ծախսերը, ինչն էլ սահմանվել է հուլիսի 7-ի որոշմամբ:
Այստեղ հարկ է պարզաբանել, որ որոշումները վերաբերում են միայն այն դեպքերին, երբ զինծառայողների վնասվածքները հնարավոր չէ բուժել Հայաստանի բուժհաստատություններում, ինչի հետ կապված էլ հատուկ հանձնաժողովը որոշում է զինծառայողին ուղարկել արտասահմանում բուժվելու:
Ապրիլի մարտերից հետո այս կետի հետ կապված տարընթերցումներ են եղել: Մասնավորապես վիրավորված երկու զինծառայողների ծնողներ իրենց նախաձեռնությամբ որդիներին տեղափոխել են արտասահմանում բուժման, և բուժման ու կեցության ծախսերը պետական բյուջեից չեն փոխանցվել:
Այս հարցի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարը լրատվամիջոցների համար մի քանի անգամ հստակեցրել է, որ երկու զինծառայողների բուժումը Հայաստանում հնարավոր է եղել, սակայն քանի որ ծնողներն իրենք են որոշել տեղափոխել արտասահման, պետությունը չի կարող փոխհատուցել նրանց բուժման ծախսերը: