Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը թույլ է տվել Սիրիայիում գործողություներ իրականացնել

Հոկտեմբերի 3-ին Սիրիայի Թել Աբյադ քաղաքի մոտակայքից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի սահմանային Աքչակալե քաղաքի բնակելի տարածքում և սպանել 1 կնոջ և նրա 4 երեխաներին, վիրավորել առնվազն 8 մարդու: Թուրքիան պատասխանել է հակահարվածով: Աքչակալե քաղաքի բնակիչները սարսափից հավաքվել էին քաղաքապետարանի մոտ և վախենում էին տուն վերադառնալ:

Սեպտեմբերի 28-ից սա երկրորդ հրթիռային հարձակումն է թուրքական քաղաքի վրա: Առաջին հարձակումից հետո Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կպատասխանի, եթե ռմբակոծումը կրկնվի:

Թուրքիան հրետանային հարված է հասցրել Թել Աբյադի մոտակայքում գտնվող հենակետերին և, ըստ որոշ տվյալների, Սիրիայի բանակում կան զոհեր:

Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասել է, որ «Ըստ մարտական օրենքների՝ մեր սահմանային գոտու զինված ուժերն անմիջապես արձագանքել են այս նողկալի հարձակմանը՝ կրակ բացելով ռադարի օգնությամբ Սիրիայի տարածքում հայտնաբերված թիրախների վրա»:

Էրդողանը նամակով դիմել էլ խորհրդարանին, որպեսզի այն հաստատի Թուրքիայի սահմաներից դուրս զինված ուժերի կիրառումը, որը 320 կողմ, 129 դեմ ձայներով ընդունել է Թուրքական խորհրդարանը:

Միջադեպի պատճառով ՆԱՏՕ-ի խորհուրդը Բրյուսելում շտապ նիստ է հրավիրել: Նիստն անց է կացվել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի համաձայն, որը հաստատում է անդամ երկրների տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե 5-րդ հոդվածի, որը կստիպեր անդամ երկներին հարձակման ենթարկված դաշինքի անդամին օգնություն ցուցաբերել:

Գարդիանի հետ զրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենն ասել է, որ Դաշինքը պատրաստ է պաշտպանել իր հարավ-արևելյան հենակետը, բայց ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը քիչ հավանական է:

Նյու Յորքում Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին խնդրել է «անհրաժեշտ քայլեր» ձեռնարկել, Սիրիայի ագրեսիան դադարեցնելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Թուրքիային կոչ է արել բաց պահել Սիրիայի հետ կապի բոլոր ալիքները: Քիչ անց նա Սիրիային կոչ է արել ամբողջությամբ հարգել իր հարևաների տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև վերջ տալ Սիրիայի ժողովրդի դեմ բռնություները:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնն Անկարայի հետ կքննարկի հետագա քայլերը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ գործակալությանը հայտնել է, որ Սիրիայիում Ռուսաստանի դեսպանը զրուցել է սիրիական կառավարության հետ, որոնք պնդել են, որ սահմանում կատարված դեպքը ողբերգություն է և այն այլևս չի կրկնվի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *