Կրկին երկարացվել է Աֆղանստանում ԱՄՆ զորքերի տեղակայման ժամկետը

Հուլիսի 6-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը (2017 հունվար) Աֆղանստանից դուրս կբերվի ԱՄՆ ԶՈւ 1400 զինծառայող և այնտեղ կմնա 8400 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

ԱՄՆ ուժերի ուղղաթիռ՝ Աֆղանստանում

ԱՄՆ ուժերի ուղղաթիռ՝ Աֆղանստանում

ԱՄՆ նախագահն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ պետք է թույլ չտալ, որ Աֆղանստանում «Թալիբանն» իրեն ապահով զգա: Դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ զորքերի դուրսբերումը դանդաղեցնել:

«Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ներկայում Աֆղանստանում ծառայում է ԱՄՆ ԶՈւ 9800 զինծառայող, ինչը նախատեսված է 2014թ. սեպտեմբերին Աֆղանստանի նախագահի և Աֆղանստանում ԱՄՆ դեսպանի ստորագրած պայմանագրով:

Համաձայն պայմանագրի՝ ԱՄՆ-ն 2014-ին պետք է կրճատեր Աֆղանստանում իր զորքերի թիվը՝ 32,000-ից հասցնելով 9,800-ի, իսկ 2016-ի վերջում զորքերը վերջնականապես դուսր բերեր Աֆղանստանից:

2015թ հոկտեմբերին, սակայն, Սպիտակ տունը հրապարակում է ԱՄՆ նախագահի որոշումը , համաձայն որի, ԱՄՆ զորախմբի թվաքանակը նվազեցվելու էր 5500: Այնուամենայնիվ, Աֆղանստանում ներկայում ԱՄՆ զինծառայողների թիվը 9800 է:

Ահաբեկչությունների պատճառով Աֆղանստանում քաղաքացիական բնակչության կորուստները 2009-2014 թվականներին՝ ըստ ՄԱԿ-ի զեկույցի

Ահաբեկչությունների պատճառով Աֆղանստանում քաղաքացիական բնակչության կորուստները 2009-2014 թվականներին՝ ըստ ՄԱԿ-ի զեկույցի

Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, դրա հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին, որպեսզի միջազգային զորքերի դուրս բերումից հետո տեղական զորքերն ի վիճակի լինեն հակազդել «Թալիբանին»: 2014թ ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը:

Նշենք, որ Հայաստանը, ի թիվս այլ պետությունների, նույնպես մասնակցում է Աֆղանստանի առաքելությանը: Բրյուսելում 2015թ դեկտեմբերին առաքելության մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ հայկական զորախումբը 2016թ. ընթացքում ներկայիս մակարդակով կշարունակի իր միջազգային հանձնառությունը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Աֆղանստան՝ այնտեղ ծառայող ՀՀ ԶՈւ խաղաղապահների ծառայությանը ծանոթանալու նպատակով․ 2010թ․ հուլիսի 24

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Աֆղանստան՝ այնտեղ ծառայող ՀՀ ԶՈւ խաղաղապահների ծառայությանը ծանոթանալու նպատակով․ 2010թ․

Նալբանդյանը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել նաև ապագա «Տևական գործընկերություն» առաքելությանը, երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը:

Աֆղանստանում ներկայում առաքելությանը մասնակցում է ՀՀ ԶՈւ 131 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *