Վրաստանը և ԱՄՆ-ն պաշտպանական ոլորտի համագործակցության հուշագիր են ստորագրել

Հուլիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Վրաստան, որտեղ նրա և վրաստանցի պաշտոնյաների հանդիպումներից հետո ստորագրվել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև պաշտպանական համագործակցության հուշագիրը, որը հրապարակվել է այսօր՝ հուլիսի 7-ին:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի համատեղ ասուլիսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի համատեղ ասուլիսը

Հուշագրում ասվում է, որ Վրաստանի զինված ուժերի պաշտպանական հնարավորությունները կատարելագործելու համար ԱՄՆ-ն մտադիր է խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ՝ օժանդակելով սպառազինության մատակարարումներին, մարզելով զինծառայողներին, զարգացնելով Վրաստանի կիբերանվտանգության մակարդակը:

Հուշագրի համաձայն՝ կանցկացվեն երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ, կբարձրացվի Վրաստանի զինված ուժերի մարտունակությունը՝ ՆԱՏՕ, ԵՄ, ՄԱԿ առաքելություններին մասնակցության համար:

Բացի այդ կողմերը կհամագործակցեն ցամաքային, ծովային և օդային անվտանգության ոլորտներում, ինչպես նաև ինֆորմացիա կփոխանակեն «թշնամական գործողությունների» վերաբերյալ:

Հուշագրի ստորագրումից հետո անցկացվել է նաև մամուլի ասուլիս, որի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քերին մասնավորապես նշել է. «Մենք բարձր ենք գնահատում այսօր ստորագրված հուշագրի կարևորությունը: Այն ենթադրում է պաշտպանական և այլ սպառազինության գնումներ, ինչը կբարձրացնի Վրաստանի ԶՈւ և ՆԱՏՕ-ի համատեղելիությունը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *