Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները սկսել են խոշոր զորավարժությանը պատրաստվելու վարժանքները և դեսանտավորման գործողություններ են իրականացնում Հայաստանի «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում:
Հարվածային Մի-24Պ և գրոհային Մի-8ՄՏ ուղղաթիռների ներգրավմամբ ստորաբաժանումները դեսանտավորվել են՝ թշնամու թիկունքում իջեցնելով ուղղաթիռները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Պարապմունքների ընթացքում դեսանտայինները սովորում են համագործակցել ուղղաթիռների անձնակազմերի հետ և դեսանտավորվել թշնամու թիկունքում հնարավորինս աննկատ:
Ինչ վերաբերում է զորավարժությանը, որին պատրաստվում են դեսանտայինները, ապա այն անցկացվելու է հուլիսի կեսերին: Ներգրավվելու է Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ամբողջ անձնակազմը: Զորավարժությունը ղեկավարելու է ռազմաբազայի հրամանատարը, հետևելու են նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամկազմի ներկայացուցիչները:
Նույն զորավարժությանը մասնակցելուն պատրաստվելու համար ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները դաշտային ելք են անցկացրել «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում, իսկ ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ գրոհային ուղղաթիռների օդաչուները թռիչքներ են կատարել թույլատրելի նվազագույն և առավելագույն բարձրությունների վրա: