Զանգվածային ազատումներից հետո ՌԴ բալթյան նավատորմի վիճակը կշտկի ՌԴ ՊՆ տեղակալը

Բալթյան նավատորմում կարգուկանոնի վերականգման համար ստեղծված հատուկ հանձնաժողովը գլխավորում է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Տիմուր Իվանովը: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

ՌԴ ԶՈւ բալթյան նավատորմի Բալտիյսկ նավահանգիստը Կալինինգրադում

ՌԴ ԶՈւ բալթյան նավատորմի Բալտիյսկ նավահանգիստը Կալինինգրադում

Մինչ այս՝ հունիսին, ՌԴ Բալթյան նավատորմում ծառայողական պարտականություններից ազատվել է 36 սպա: Fontanka լրատվակայքն էլ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ ծառայությունից ազատվել է 50 սպա:

Հատուկ հանձնաժողովը պաշտպանության փոխնախարարի ղեկավարությամբ աշխատելու է մի քանի ամիս և կազմակերպելու է Բալթյան նավատորմի ցամաքային, ռազմածովային ուժերի տեխնիկան և զորքերը կարգի է բերելու աշխատանքները: Զինվորականների՝ պաշտոնից ազատման և նոր կադրերի առաջխաղացման արդյունքում վերադասավորումներ են լինելու Ռուսաստանի բոլոր 4 նավատորմերի սպայական կազմերում:

Ավելի վաղ՝ հուլիսի 1-ին, Բալթյան նավոտորմի զինվորական դատախազը տեղեկացրել է նավատորմում հայտնաբերված խախտումների, զորքերի ամենօրյա գործունեության հետ կապված բացթողումների, անձնակազմի տեղաբաշխման թերությունների մասին: Հայտնաբերվել են ռազմական և սոցիալական օբյեկտների. բնակարանների կառուցման, սննդի կազմակերպման և զինվորական ավանների սպասարկման խախտումներ:

ԶԼՄ-ներում քննարկվում է, որ ՊՆ ղեկավարության համար վերջին կաթիլը եղել է նավատորմի Բ-265 «Կրասնոդար» սուզանավի վթարային վիճակի կոծկման փորձը: Խոսակցությունների համաձայն՝ այս տարվա ապրիլի 20-ին Բալթյան ծովում ՌԴ ԶՈւ սուզանավը բախվել է Լեհաստանի ԶՈւ Orzel սուզանավին: Այս տարբերակը, սակայն, Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է:

ՌԴ ԶՈւ բալթյան նավատորմի Բ-265 «Կրասնոդար» սուզանավը

ՌԴ ԶՈւ բալթյան նավատորմի Բ-265 «Կրասնոդար» սուզանավը

Ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի՝ իրականում «Կրասնոդարը» ստացել է կորպուսի և որոշ ագրեգատների վնասվածքներ անհաջող մանևրի ընթացքում. ենթադրաբար  սուզանավը բախվել է որևէ օբյեկտի: Իսկ զեկույցների մեջ Բալթյան նավատորմի ղեկավարությունը զգալիորեն ավելի մեղմ է ներկայացրել սուզանավի վնասվածքները:

ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կոմոյեդովը տեղեկացրել է, որ դժգոհություններ եղել են ոչ միայն նավատորմի մարտական պատրաստության վերաբերյալ, այլ նաև թիկունքային ապահովման, զինծառայողների սննդի կազմակերպման հարցերում: Բացի այդ, զինծառայողների բավարարումը չեն տվել նրանց արձակուրդների ժամանակ, ինչի համար նաև հարուցվել է քրեական գործ:

Մայիսի 11-ից հունիսի 10-ը կատարված ստուգումների արդյունքում հունիսի 29-ին  ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ազատել էր Բալթյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Կրավչուկին և շտաբի պետ, փոխծովակալ Սերգեյ Պոպովին՝ մարտական պատրաստության մեջ լուրջ բացթողումների, ՊՆ-ին ներկայացրած կեղծ զեկույցների պատճառով: Նրանք ներկայացվել են մարտական և առհասարակ զինվորական ծառայությունից ազատման:

ՌԴ պաշտպանության նախարարը նավատորմի նոր ղեկավար է նշանակել փոխծովակալ Ալեքսանդր Նոսատովին, ով նախկինում ղեկավարել է ՌԴ ԶՈւ ռազմածովային ակադեմիան, իսկ մինչ այդ ՌԴ ԶՈւ սևծովյան նավատորմը: Բալթյան նավատորմի շտաբի պետի պարտականությունները կիրականացնի փոխծովակալ Իգոր Մուխամետշինը:

Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան:

ՌԴ ԶՈւ բալթյան նավատորմի նորանշանակ հրամանատար, փոխծովակալ Ալեքսանդր Նոսատովը

ՌԴ ԶՈւ բալթյան նավատորմի նորանշանակ հրամանատար, փոխծովակալ Ալեքսանդր Նոսատովը

One response to “Զանգվածային ազատումներից հետո ՌԴ բալթյան նավատորմի վիճակը կշտկի ՌԴ ՊՆ տեղակալը

  1. Pingback: ՌԴ ԶՈւ Բալթյան նավատորմը զանգվածային ազատումներից հետո նոր հրամանատար ունի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *