Թուրքական անօդաչու սարքը վթարի է ենթարկվել փորձնական թռիչքի ժամանակ

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար շրջանում թուրքական ANKA T001 անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) փորձնական թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել և 3300 մետր բարձրությունից վայր ընկել:

ANKA-ն առաջին անգամ ներկայացվել է 2010թ. հուլիսի 10-ին և իր առաջին փորձնական թռիչքը կատարել է դեկտեմբերի 30-ին: Մինչ այժմ այն կատարել էր 98 թռիչք: Վերջնական փորձարկումները սկսվել են 2012թ. սեպտեմբերին:

Թուրքիայի օդագնացության ու տիեզերագնացության արդյունաբերության ընկերությունը հայտարարել է, որ վթարի պատճառը մեխանիկական է, և հետազոտություներ են կատարվում մանրամասները հայտնաբերելու համար: Փորձարկումները շարունակվելու են այդպիսի չորս ուրիշ նախատիպերով:

ANKA-ն հիմնված է իսրայելական Հերմես 450-ի վրա, Predator B/Reaper-ի պոչատիպով: Թուրքերն այն նախատեսում են հիմնականում օգտագործել Քրդական բանվորական կուսակցության մարտիկների դեմ, ինչը ներկայումս իրականացվում է Ինջիրլիկի ավիաբազայում գտնվող ամերիկյան Predator-ներով:

ANKA-Ի առաջին թռիչքը տևել է 14 րոպե, որից հետո այն վթարային վայրեջք է կատարել: Ըստ Իսրայելի ազգային նորություների՝ երկրորդ և երրորդ փորձարկումները նույնպես ավարտվել են անհաջողությամբ. երկրորդ ԱԹՍ-ը թռչել է 90 րոպե, իսկ երրորդը՝ 120: Սրանից հետո այլ տեղեկություներ չկան ԱԹՍ-երի փորձարկումների մասին: Համենայն դեպս, պետք է հաշվի առնել, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերություները խզվել են 2010թ. Գազա մեկնող նավատորմի վրա իսրայելական հատուկ նշանակության ուժերի հարձակումից հետո և իսրայելական աղբյուրները, հնարավոր է, հավաստի չլինեն:
Ապագայում Թուրքիան նախատեսում է հզոր և չափսերով ավելի մեծ ANKA +A ԱԹՍ-երի ստեղծումը, որը զինված կլինի նաև հրթիռներով:

ANKA-ի տեխնիկական տվյալները.

  • Երկարությունը՝ 8 մ
  • Բարձրությունը՝ 3,4 մ
  • Թևերի բացվածքը՝ 17.3 մ
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 7600 մ
  • Արագությունը՝ 117 մղոն/ժ, 217 կմ/ժ
  • Թռիչքի տևողությունը՝ 24 ժամ
  • Բեռնատարողությունը՝ 200 կգ,
  • Քաշը՝ 1600 կգ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *