ՀԱՊԿ-2025 ռազմավարությունը կներկայացվի նախագահների հաստատմանը

Այսօր՝ հուլիսի 4-ին, Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է ՀԱՊԿ մինչև 2025թ. ժամանակահատվածի աշխատանքների ռազմավարությունը, որը ներկայացվելու է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի՝ անդամ պետությունների նախագահների խորհրդի հաստատմանը: Այս մասին ԱԳ նախարարների նիստից հետո հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀԱՊԿ ԱԳ նախարարների և ՀԱՊԿ քարտուղարի հանդիպումը ՀՀ նախագահի հետ

ՀԱՊԿ ԱԳ նախարարների և ՀԱՊԿ քարտուղարի հանդիպումը ՀՀ նախագահի հետ

Նախարարները քննարկել են նաև այլ հարցեր, որոնք նախագահների խորհրդի հաստատմանն են ներկայացվելու հոկտեմբերին:

Նիստի արդյունքներով ՀԱՊԿ ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել նաև Արցախի հակամարտության վերաբերյալ և աջակցություն են հայտնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը:

«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:

Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա», — ասված է Արցախի հակամարտության վերաբերյալ հայտարարության մեջ:

Նիստի մասնակիցներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ավելի վաղ ընդունել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *