Ռուսաստանից գնած Ս-300 համակարգերն Իրանը մտադիր է մարտական հերթապահության մեջ ընդգրկել մինչև տարվա վերջ ըստ իրանական օրացույցի (տարին ավարտվում է 2017-ի մարտի 20-ին): Այս մասին հուլիսի 1-ին լրագրողներին հայտնել է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ֆարզադ Էսմայիլին:
Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ Իրանի համար Ս-300 համակարգի մատակարարումները շարունակվում են:
Ավելի վաղ հայտնի էր, որ համակարգի առաջին բաղադրիչները արդեն մատակարարվել են Իրանին, և երկրի զինված ուժերի օրը՝ ապրիլի 17-ին, Թեհրանում անցկացված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել էին Ս-300 համակարգի ռադարները, օժանդակ մեքենաները, բայց ոչ արձակման կայանները:
Դրանից մոտ մեկ շաբաթ առաջ էլ Ռուսաստանի ռազմարդյունաբերական խորհրդի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանն արդեն Իրանին է մատակարարել Ս-300ՊՄՈւ-1 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակը, իսկ ամբողջ սպառազինությունը կմատակարարվի մինչև տարվա վերջ:
Մինչ այդ մատակարարումների հետ կապված խնդիրներ կային, որոնց պատճառներից էր Իրանի՝ վճարումներն ուշացնելը:
Pingback: Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է Ս-300 հրթիռների առաջին խմբաքանակի ստացումը | Ռազմ.info