Շաբաթվա ընթացքում Պաշտպանության բանակի՝ գնդապետ Թաթուլ Հայրապետյանի հրամանատարությամբ գործող բրիգադի ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման զինծառայողներն Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացրել են հարձակողական թեմատիկայով զորավարժություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայության «Գոյամարտ» հեռուստածրագիրը:
Տեսանյութի համաձայն՝ զորավարժությանը ներգրավված են եղել ինչպես տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, այնպես էլ ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայաններ:
Զորավարժության ժամանակ պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններից մոտոհրաձգային ստորաբաժանումն անցել է հարձակման և ջախջախել է թշնամու հիմնական ուժերը դասակների հենակետերում: Այնուհետև ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի հակագրոհը և վերականգնել է առաջնագիծը:
— Ըստ դիտարկումների՝ և մարտավարական գործողությունները, և կրակային խոցումը իրականացվել են լավ: Զորավարժության ընթացքում պլանավորած նպատակներին հասել ենք, — «Գոյամարտի» թղթակցի հետ զրույցում նշել է զորավարժությանը մասնակցած զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արա Ալլահվերդյանը:
Զորավարժության ավարտին անցկացվել է արդյունքների վերլուծություն, նշվել են բացթողումները և դրական արդյունքները, իսկ աչքի ընկած զինծառայողները արժանացել են վերադաս հրամանատարության խրախուսանքին:
Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում Պաշտպանության բանակում անցկացվել են մի շարք այլ զորավարժություններ: Մասնավորապես նախորդ երկու շաբաթների ընթացքում բանակում անցկացվել է մեկական հետազոտական զորավարժություն տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ: