Ռազմաշաբաթ. Հայաստան. 26 հունիսի – 2 հուլիսի, 2016

Առաջնագում հանգիստ է եղել • Ջրահեղձ է եղել ՀՀ ԶՈւ զինծառայող • Հայաստանը վավերացրել է ՀՀ-ՌԴ միացալ ՀՕՊ-ի ստեղծման համաձայնագիրը • Մեկնարկել է ամառային զորակոչը • ՊԲ-ում անցկացվել է հետազոտական զորավարժություն • ՀՀ ԶՈւ զինծառայողները վերապատրաստվում են Վրաստանում • ՀՀ ՊՆ-ում քննարկել են հունիսի աշխատանքները • Սեյրան Օհանյանը խոսել է պաշտոնանկությունների մասին • Դավիթ Փախչանյանը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերության կարողությունները • Անցկացվել է ԱԹՍ-ների մրցույթ • ՀԱՊԿ ԱԳ նախարարները կհանդիպեն Հայաստանում • Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ զորավարժությանը • ՀՀ ՊՆ-ում ընդունել են Մեծ Բրիտանիայի զինվորականներին • ՀՀ ՊՆ-ում քննարկել են ռազմական կրթության հարցեր • Բարերարները ԶՈւ-ին են փոխանցվել վերակենդանացման շարժական համալիրներ • ՌԴ ԶՈւ ռազմաբազան խոշոր զորավարժություն կանցկացնի Հայաստանում

1․ Վիճակահանությամբ զորամասի ընտրությունը հավաքակայանում, 2․ ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ վերապատրաստման վարժանքներ Վրաստանում, 3․ ՀՀ զինված ուժերին նվիրված վերակենդանացման համալիրները, 4․ ԱԹՍ մրցույթի մասնակից թիմերից մեկը՝ իր անօդաչու թռչող սարքը ղեկավարելիս

1․ Վիճակահանությամբ զորամասի ընտրությունը հավաքակայանում, 2․ ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ վերապատրաստման վարժանքներ Վրաստանում, 3․ ՀՀ զինված ուժերին նվիրված վերակենդանացման համալիրները, 4․ ԱԹՍ մրցույթի մասնակից թիմերից մեկը՝ իր անօդաչու թռչող սարքը ղեկավարելիս

• Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հայկական բանակի դիրքերին կրակել է հիմնականում հրաձգային զինատեսակներով, այդ թվում՝ գնդացիրներով և դիպուկահար հրացաններով։ Հունիսի 30-ին հակառակորդը Թալիշի ուղղությունում կրակել է հացահատիկի բերքահավաք անող քաղաքացիականների ուղղությամբ, տուժածներ չեն եղել։

• Հունիսի 29-ին Երևանի Նուբարաշենի պոմպակայանի ավազանում ջրահեղձ է եղել ՀՀ ԶՈւ զինծառայող Էդգար Չախլյանը:

• Հունիսի 30-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որի նպատակը կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ իրականացումն է։

2015թ. ամառային զորակոչը՝ վիճակահանությամբ (արխիվ)

2015թ. ամառային զորակոչը՝ վիճակահանությամբ (արխիվ)

• Հուլիսի 1-ին մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի 2016թ. ամառային զորակոչը: Նույն օրը տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները:

• Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակի առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ անցկացվել է հետազոտական զորավարժություն, որի ժամանակ փորձարկել են մարտավարական նոր դրվագներ, փոխգործակցության կազմակերպման և մարտի վարման նոր տարբերակներ:

• Հունիսի 28-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակներում Վրաստանում մեկնարկել է Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ամառային հիմնական վերապատրաստման փուլը, որին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողները:

• Հունիսի 30-ին ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հունիսին զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքներն ու առաջիկա անելիքները: Պաշտպանության նախարարը հրահանգել է կանխարգելել զինանձնակազմի արևահարումները։

• Հունիսի 29-ին Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ:

«Եռաբլրում» նախարար Օհանյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին և մասնավորապես անդրադարձել զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարին և պաշտոնանկություններին:

«Իմ պաշտոնավարման ընթացքում գնդապետից բարձր պաշտոններից ազատվել է շուրջ 140 հոգի, որոնցից շուրջ 60-ն այն պաշտոններից են, որոնց մեջ կան կոռուպցիոն ռիսկեր», — նշել է Սեյրան Օհանյանը։

• Հունիսի 30-ին հրապարակված հարցազրույցում ՀՀ ՊՆ տեղակալ — ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը պատմել է ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի կարողությունների և զարգացման հնարավորությունների մասին:

• Հուլիսի 2-ին Արզնիում անցկացվել է անօդաչու թռչող սարքերի առաջնություն, որի մասնակից թիմերի ԱԹՍ-ները պետք է թռչեին դեպի կոորդինատներում տրված տեղը, 5 մետր տրամագծով նպատակակետի վրա գցեին ծանրոցը և վերադառնաին։ Ռազմինֆոն մրցույթի ընթացքը ներկայացրել է ֆոտոռեպորտաժով։

Կապի խափանումների վերացումից հետո իրենց սարքը կրկին գործարկում են TSD թիմի մասնակիցները և կարողանում են նույնպես ծանրոցը գցել ախատեսված տեղում։ Թիմը վերջնական արդյունքով գրավում է մրցույթի 3-րդ տեղը և ստանում 260 հազար դրամ մրցանակ

ԱԹՍ մրցույթի մասնակից թիմերից մեկը՝ իր անօդաչու թռչող սարքը ղեկավարելիս

• Հուլիսի 4-ին ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարները Երևանում ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը:

• Ռուսաստանում մեկնարկել են օգոստոսին անցկացվելիք ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2016» զորավարժության նախապատրաստական աշխատանքները։ Զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանը։

• Հունիսի 28-ին ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի ԶՈւ 160-րդ Ուելսյան հետևակային բրիգադի պատվիրակությանը և քննարկել նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։

• Հունիսի 27-30-ին ՀՀ-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության շրջանակներում ՀՀ ՊՆ-ում անցկացվել է կրթության բնագավառի մասնագետների հերթական ամենամյա համաժողով, որը նվիրված էր խառը, ակտիվ և վերափոխումային ուսուցման եղանակներին ու մեթոդներին:

• Հուլիսի 1-ին Հայաստանում ավարտվել է Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի դաշտային ելքը, որով ռազմաբազան պատրաստվել է հուլիսի կեսերին ամբողջ անձնակազմով զորավարժության անցկացմանը:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *