Ռուսասստանի զինված ուժերի կենտրոնական ռազմական շրջանի տանկային ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ փորձնական վարժանքներ են անցկացվել Տ-72 տանկի նորագույն տարբերակի՝ Տ-72Բ3 տանկերի մասնակցությամբ: Այս մասին հունիսի 30-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:
Մարզումների ընթացքում տանկիստներն իրականացրել են փորձնական խնդիրներ և կրակային վարժությունները կատարել են 5 կմ հեռավորությունից թիրախին ավտոմատ հետևող կրակի կառավարման համակարգով:
Սա տանկի այս տարկերակի հիմնական առանձնահատկություններից մեկն է. այն հագեցված է դիտարկման նոր համակարգով, ինչպես նաև կապի նոր սարքավորումներով, բազայինից ավելի հզոր շարժիչով և այլն:
«Հակառակորդի» պայմանական հրետակոծումից հետո վարժանքներին մասնակցող տանկիստները սրընթաց հարձակման են անցել և մարտը վարել նշված 5 կմ հեռավորության վրա:
Ավելացնենք, որ Տ-72Բ3 արդիականացված տանկերը Ռուսաստանի սպառազինությունը համալրել են 2013 թվականից սկսած (մինչ այդ Ռուսաստանն արդեն հրաժարվել էր Տ-90 տանկերից): Հենց Տ-72Բ3 տանկերով են անցկացվում նաև «Տանկային բիաթլոն» ամենամյա միջազգային մրցումները:
Տ-72 տանկի այս արդիականացումը խոշոր խմբաքանակներով ուղարկվում է Ռուսաստանի զինված ուժերի զորամասեր և ամենայն հավանականությամբ կծառայի այնքան, մինչև ռուսաստանյան նորագույն «Արմատա» տանկն անցնի զանգվածային արտադրության: