Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում սպանվել է Վրաստանի քաղաքացի, Պանկիսի կիրճի Դումաստուրի գյուղի 22-ամյա բնակիչ Ասլանբեկ Բորչաշվիլին: Այս մասին հունիսի 28-ին հայտնել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Նրա ընտանիքի անդամները հայտնում են, որ Բորչաշվիլին մոտ մեկ տարի առաջ գնացել է Թուրքիա աշխատելու համար, այնուհետև անցել է Սիրիա ռազմական գործողություններին մասնակցելու համար: Նա Թելավիի պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանող էր:
Հունիսի 29-ին «Կախեթիի տեղեկատվական կենտրոնը» հայտնել է, որ Սիրիայում մահացել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի, Դուիսի գյուղի (Պանկիսի կիրճ) 39-ամյա բնակիչ Օմար Մարգոշվիլին: Վերջինս Սիրիայի է տեղափոխվել 2015-ին և անցել է «Իսլամական Պետության» շարքերը:
Նշենք, որ Սիրիայում ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում սպանվել է Վրաստանի արդեն 17 քաղաքացի:
«Իսլամական Պետության» շարքերում կռվող Վրաստանի քաղաքացիների քանակի մասին կոնկրետ տեղեկություններ հայտնի չեն: Վրացական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայում կռվում են Պանկիսի կիրճի 50–60 բնակիչ: