Հունիսի 28-ից Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանամերձ Քիլիսի շրջանում սկսել են տեղակայել սեփական արտադրության ցածր հեռահարության ՀՕՊ համակարգեր՝ հայտարարելով, որ նպատակը շրջանի բնակչությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրթիռակոծություններից բնակչությանը պաշտպանելն է: Այս մասին հունիսի 28-ին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հավելելով, որ 2016-ի հունվարի 17-ից մինչ օրս ԻՊ հրթիռակոծությունների (83 հրթիռ) հետևանքով Քիլիսի նահանգում սպանվել է 21, վիրավորվել՝ 80-ից ավելի մարդ:
Սահմանին տեղադրվող «Քորքութ» (Korkut) փոքր հեռահարության ինքնագնաց ՀՕՊ համակարգերն արտադրում են թուրքական Aselsan և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունները՝ հատուկ տվյալ նահանգում տեղադրելու նպատակով: ՀՕՊ համակարգերը համալրված են նույնպես Aselsan-ի արտադրության «Սերհաթ» (Serhat) ռադարներով:
ՀՕՊ համակարգը բաղկացած է Aselsan-ի արտադրության 35 մմ տրամաչափի «Էրլիկոն» (Oerlikon) արդիականացված երկփողանի զենիթային հրանոթներից, որոնք տեղադրվում են FNSS ընկերության արտադրության ZMA-30 թրթուռավոր զրահամեքենաների վրա: «Քորքութի» մեկ մարտկոցը բաղկացած է 3 արձակման կայաններից և մեկ հրամանատարաշտաբային մեքենայից:
Հաշվի ռանելով այն փաստը, որ թուրքական աղբյուրների հայտնած տեղեկությունների համաձայն՝ ԻՊ-ն կրակում է ինքնաշեն «Կատյուշա» հրթիռային համակարգերից, որոնք սպառազինված են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 122 մմ հրթիռներով՝ անհավանական է թվում թուրքական կողմի այն հայտարարությունը, որ 35 մմ հրանոթներով հնարավոր կլինի խոցել նշված հրթիռները:
Aselsan-ի տրամադրած տվյալներով՝ «Serhat» ռադարներն արկերը կարող են հայտնաբերել 6 կմ հեռավորությունից:
Համակարգերը ժամանակի ընթացքում պետք է փոխարինեն 1950-ականներին ԱՄՆ-ի արտադրած և Թուրքիայի սպառազինությունում մինչ օրս առկա M42 Duster ինքնագնաց զենիթահրթիռային համակարգերին: Նշենք, որ ամերիկյան համակարգերի վրա, ի տարբերություն թուրքականների՝ տեղադրված են 40 մմ տրամաչափի զենիթային հրանոթներ: