Համաշխարհային շուկայում ադրբեջանական նավթի արժեքի բարձրացումը 1 բարելի համար 25 դոլարից 50 դոլար կարող է 2016 թվականին բերել Ադրբեջանի պետական բյուջեի անխուսափելի վերանայմանը.նավթի գնի երկակի բարձրացումը կարող է հանգեցնել պետական բյուջե լրացուցիչ միջոցների մուտքի:
Հարկ եղած դեպքում բյուջեն կվերանայվի։ Լրացուցիչ միջոցները նաև կարող են հավաքվել«Նավթի պետական ֆոնդում*» և բաշխվել այնտեղից:
Այս ամենի մասին ադրբեջանական Report լրատվակայքին մայիսի 17-ին ասել էր Միլի Մեջլիսի (խորհրդարան) արդյունաբերության և ձեռնարկատիրության, տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Վահիդ Ահմեդովը:
Նավթը Ադրբեջանի բյուջեի եկամուտի հիմնական աղբյուրն է: 2014 թվականից նավթի՝ բոլոր տեսակների արժեքը սկսեց ընկնել: Ադրբեջանական «Ազերի Լայթ» տեսակի (տեսակները տարբերվում են բաղադրությամբ) նավթի արժեքը համաշխարհային շուկայում նույնպես սկսեց նվազել.
2014 թ․ (միջին) | $100,9 |
2015 թ․ առաջին կես (միջին) | $59,4 |
2015 թ․ դեկտեմբեր 22 (ամսվա նվազագույնը) | $36,71 |
2016 թ․ հունվար 21 (ամսվա նվազագույնը) | $28,82 |
2016 թ․ հունիս 30 (այսօր) | $50,97 |
Եկամուտի աղբյուրի կրճատման հետ արժեզրկվեց նաև ազգային արժույթը` մանաթը: Ադրբեջանում մանաթի գինը որոշում է Կենտրոնական բանկը։ Եվ միայն 2015 թվականին Կենտրոնական բանկը հայտարարեց ազգային արժույթի 2 արժեզրկման մասին:
Առաջինը դեռևս փետրվարի 21- ին, երբ Կենտրոնական բանկը մանաթի արժեքը 1 ԱՄՆ դոլարի համար սահմանեց 1,05 մանաթ (փետրվարի 20-ին մանաթը արժեքը 0,7862 մանաթ էր 1 դոլարի համար):
Մյուսի մասին Կենտրոնական բանկը հայտարարեց 2015 թվականի վերջին` դեկտեմբերի 21-ին. ազգային արժույթի արժեքը 1 ԱՄՆ դոլարի համար սահմանեց 1,55 մանաթ (մինչ սա` 1,05): Արժեզրկման արդյունքում ներկրվող ապրանքների գները թանկացան, ինչի արդյունքում էլ սկսեցին փակվել խանութներ, կրճատվել աշխատատեղեր, կանգնեցվել դրամական փոխանցումներ, սահմանափակվել ներկրվող ապրանքների վաճառքը:
2015 թվականին նավթի գինը բյուջեի եկամուտների բաժնում նախատեսված էր 90 դոլար/բարել: Սակայն նավթի գնի շարունակական անկումը մինչև 37 դոլար/բարել առաջացրեց բյուջեի դեֆիցիտ (ծախսերի գերազանցումը եկամուտներից):
Դեֆիցիտային պատկերը շարունակվեց նաև 2016 թվականի սկզբին. 2015 թվականի աշնանը Ադրբեջանի խորհրդարանը 2016 թվականի բյուջեի նախագծում նավթի գինը հաշվել էր 50 դոլար/բարելով: Այնինչ 2016ի հունվարին «Ազերի Լայթի» արժեքն ընկել էր մինչև 28,82 դոլար/բարել:
Խորհրդարանը ստիպված էր վերանայել 2016 թվականի բյուջեի մասին օրենքը` նավթի գինը բյուջեում վերահաշվարկելով 25 դոլար/բարելով:
Սակայն որոշ ժամանակ անց հաջորդեց նավթի գնի բարձրացումը մինչև 50 դոլար/բարել՝ դեֆիցիտը վերածելով պրոֆիցիտի (եկամուտների գերազանցումը ծախսերից):
Այս պահին նավթի գինն արդեն կայունանում է և տատանվում է 49-51 դոլար/բարել սահմաններում, որով էլ 2015-ի աշնանը Ադրբեջանի խորհրդարանը հաշվել էր նավթի գինը 2016 թվականի բյուջեում։
Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանի խորհրդարանն արդեն գնացել է ամառային արձակուրդ և եթե հրատապ անհրաժեշտություն չլինի, հաջորդ նիստը կգումարի արդեն սեպտեմբերին: Այն ժամանակ արդեն պարզ կլինի՝ անհրաժեշտություն կա՞ Ադրբեջանի բյուջեի երկրորդ վերանայման, թե՞ ոչ:
* «Նավթի պետական ֆոնդ»- ARDNF ” Azərbaycan Respublikası Dövlət Neft Fondu . հատուկ գումարային ֆոնդ, որն օգտագործվում է պետբյուջեն ստաբիլիզացնելու համար պետական եկամուտների նվազման կամ երկարաժամկետ պետական կարիքների դեպքում: Միջոցները կարող են օգտագործվել պետբյուջեի դեֆիցիտի (պակասորդ) ծածկման համար շուկայական անբարենպաստ պայմաններում:
Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան