Ամերիկացիները հրաժարվում են թալիբների հետ բանակցելու մտքից

Բանակցությունների գաղափարից հրաժարվելու որոշում է կայացվել, քանի որ վերջին շրջանում կտրուկ աճել է Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերի վրա աֆղան զինծառայողների և ոստիկանների հարձակումների թիվը, ինչի հետևանքով ՆԱՏՕ-ի հրամանատարությունը սեպտեմբերի սկզբին Աֆղանստանի ուժային կառույցների հետ համագործակցությունը կրճատելու որոշում կայացրեց , նույնիսկ ժամանակավորապես արգելեց տեղի անվտանգության ուժերի հետ համատեղ գործողությունների իրականացումը:

Բանակցային գործընթացից հրաժարվելու մյուս պատճառն այն է, որ թալիբներն իրենք չեն ցանկանում շարունակել երկկողմ «խորհրդատվությունները»:
Վաշինգտոնում կարծում են, որ բանակցային գործընթացը հնարավոր կլինի վերսկսել միայն Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերումից հետո (2014-ի վերջ) և հույս ունեն, որ միջնորդի դերը կստանձնի Պակիստանը:

Նախորդ շաբաթ Աֆղանստանի արևելյան Վարդակ նահանգում ամերիկացի զինծառայողների վրա աֆղան զինվորականի հարձակումից հետո Աֆղանստանում ԱՄՆ ուժերի հրամանատար Ջոն Ալլենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է աֆղանական կոնֆլիկտի կարգավորման համար զոհողությունների գնալ, բայց չի կարող թույլ տալ, որպեսզի իր զինծառայողները սառնասրտորեն սպանվեն:

Նշենք, որ աֆղան զինվորականը կրակել էր ամերիկացիների դասակի ուղղությամբ, ինչի հետևանքով ամերիկյան բանակի մեկ զինվոր, ՆԱՏՕ-ի պայմանագրային մեկ մասնագետ և աֆղան երեք զինծառայող էր մահացել:

Իր հերթին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը The Guardian բրիտանական թերթին տված հարցազրույցում ասել է, որ վերջին շրջանում աֆղան զինվորականների և ոստիկանների կողմից կոալիցիոն ուժերի զինծառայողների նկատմամբ հարձակումների աճը հաշվի առնելով, Աֆղանստանում տեղակայված Անվտանգության աջակցման միջազգային ուժերի մի որոշ հատված կարող է դուրս բերվել Աֆղանստանից սահմանված ժամկետից շուտ: Ըստ նրա՝ ներկայումս ՆԱՏՕ-ն քննարկում է զինծառայողների տեղափոխման և վերատեղակայման հնարավոր տարբերակները, իսկ արդյունքերը հայտնի կլինեն առաջիկա երեք ամիսներին:

Չնայած այդ ամենին՝ մի բան պարզ է՝ ԱՄՆ-ը չի հրաժարվել վերսկսել բանակցային գործընթացը: Միայն թե այժմ որպես թալիբների հետ բանակցող հիմնական կողմ պետք է հանդես գա Պակիստանը: Օգոստոսին պակիստանյան իշխանություններին թալիբների հետ նախնական խորհրդատվությունների առաջարկ է ներկայացվել:

Բացի այդ՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն օրերս Մոսկվայում հայտարարել է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը մարզելու ու խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՆԱՏՕ-ն 2014 թվականից հետո ևս կմնա այնտեղ:

Նշենք, որ աֆղան զինվորականների և ոստիկանների կողմից կոալիցիոն ուժերի զինծառայողների նկատմամաբ հաճախակի դարձած հարձակումների հետևանքով տարվա սկզբից կոալիցիոն ուժերի արդեն 80 ծառայող է զոհվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *