Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են երկարաձգել պայմանագիրը. ամփոփում

Այսօր հայկական մամուլն անդրադարձել էր միջազգային այնպիսի լուրերի, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը։ Ըստ այդմ՝ աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ բանակի գլխավոր շտաբի պետը, Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են երկարաձգել Գաբալայի Ռադիոտեղորոշման կայանի վարձակալման ժամկետը, ՀՀ ԱԺ պատգամավորներն անդրադառնում են ադրբեջանական թեզերին, իսկ Սարդարապատում զորակոչիկներին բանակ են ուղեկցում ավանդական դարձած արարողակարգով։

Սկսենք ՌԴ բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովի հայտարարությունից։ Նա չի բացառել, որ համապատասխան պայմաններում լոկալ հակամարտությունները կարող են փոխակերպվել լայնամասշտաբ պատերազմների, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման։

Մյուս կողմից՝  Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղկացուցիչ հանդիսացող Գաբալայի Ռադիոտեղորոշման կայանի վարձակալման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականը: Ըստ ՌԴ ՊՆ մամլո քարտուղար փոխգնդապետ Իրինա Կովալչուկի՝ հարցը քննարկվել է Անատոլի Սերդյուկովի և Սաֆառ Աբիևի միջև տեղի ունեցած երկկողմ հանդիպման շրջանակներում։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը, որ փաստաթուղթը սեղմ ժամկետում համաձայնեցվի և նախապատրաստվի ստորագրման: Այսպիսով կամրագրվի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների տվյալ հարցում ձեռք բերված պայմանավորվածությունը:

Իսկ ՀՀ-ում՝ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է հստակ մոտեցում դրսևորի Ադրբեջանի շարունակական ապակառուցողական քաղաքականության առնչությամբ, հակառակ դեպքում իրավիճակը հղի կլինի անկանխատեսելի զարգացումներով:

ՀՀ-ում ընթացքի մեջ է աշնանային զորակոչը և այս անգամ Արմավիրի բնակիչներն իրենց զավակների զինծառայության են ուղարկել Սարդարապատ հուշահամալիրից, որն արդեն իսկ ավանդույթի է վերածվել։

Սրանք այն հիմնական լուրերն էին, որոնք տեղ էին գտել օրվա մամուլում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *