Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակի առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ անցկացվել է հետազոտական զորավարժություն, որի ժամանակ փորձարկել են մարտավարական նոր դրվագներ, փոխգործակցության կազմակերպման և մարտի վարման նոր տարբերակներ: Այս մասին հայտնում է ՊԲ լրատվության վարչության «Գոյամարտ» հեռուստածրագիրը:
Զորավարժության ընթացքում ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանումը, կենտրոնացման շրջանից կատարելով ռազմերթ, ընթացքից մարտի մեջ է մտել մխրճված պայմանական հակառակորդի հետ, անցել հակագրոհի, ջախջախել է հակառակորդին և վերականգնել կորցրած առաջնագիծը:
Զորավարժությանը ներգրավված զորամասի շտաբի պետ, մայոր Արթուր Օհանյանը «Գոյամարտի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ զորավարժության մտահղացումը մոտեցված է եղել ապրիլյան ռազմական գործողություններին, մտցվել են մարտավարական ոչ ստանդարտ էլեմենտներ:
Նման զորավարժություններն անցկացվել են նաև Պաշտպանության բանակի այլ զորամասերի և ստորաբաժանումների ներգրավմամբ:
Նշենք, որ նմանատիպ ևս մեկ զորավարժություն ավելի վաղ անցկացվել է ՊԲ զորամասերից մեկի տանկային ստորաբաժանման ներգրավմամբ: Զորավարժությունը եղել է հետազոտական, ուսումնասիրվել են ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ամենահիմնավորված եղանակները։