Հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2016թ. առաջին կիսամյակի ընթացքում հանձնաժողովի կատարված աշխատանքները, նախանշվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը:
Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունն ունի մեծ նշանակություն անհայտ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենադարձելու աշխատանքների և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով: Նախարարը նաև արձանագրել է, որ նախատեսված պլանային միջոցառումները հիմնականում կատարվել են:
Նիստի ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Նիստի ընթացքում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ներկայացրել է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին կայանալիք միջոցառումների ծրագիրը:
Ամփոփելով հանձնաժողովի նիստը՝ Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքները եղել են արդյունավետ: Նախարարը մատնանշել է նաև այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների` գերության մեջ հայտնվելու դեպքեր չեն արձանագրվել:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19–25 հունիսի, 2016 | Ռազմ.info