Հյուսիսային Կորեայի միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումը խուճապ է առաջացրել

Հյուսիսային Կորեան հունիսի 22-ին փորձարկել է իր միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, որը հարավկորեական, ինչպես նաև միջազգային շատ լրատվամիջոցներ անվանում են «Musudan»: Հրթիռի փորձարկումն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել աշխարհում:

Հյուսիսային Կորեայի «Musudan» բալիստիկ հրթիռը զորահանդեսի ժամանակ

Հյուսիսային Կորեայի «Musudan» բալիստիկ հրթիռը զորահանդեսի ժամանակ

Ինչպես հայտնում է հարավկորեական «Yonhap» լրատվական գործակալությունը, փորձարկումն արվել է Ճապոնական ծովի ափին գտնվող Ոնսան քաղաքի մերձակայքից: Հյուսիսային Կորեան սկզբում բաց է թողել 1 բալիստիկ հրթիռ, որը, ըստ Հարավային Կորեայի զինվորականների, ձախողել է թռիչքը՝ պայթելով օդում: Ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքը հաղորդում է, որ այն թռել է մոտ 150 կմ:

Այնուհետև այդ երկիրը փորձարկել է ևս մեկ հրթիռ, որը դարձյալ Հվ. Կորեայի զինվորականների հաստատմամբ, անցել է մոտ 400 կմ:

Հյուսիսային Կորեան արդեն փորձարկումները հաջող է անվանել: Ինչպես տեղեկացնում է հարավկորեական «Yonhap» լրատվական գործակալությունը, հղում անելով Կորեական կենտրոնական լրատվական գործակալությանը (The Korean Central News Agency (KCNA), փորձարկումներին հետևել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հետևումէ բալիստիկ հրթիռի արձակմանը 2016թ. մարտի 11 Նկարը՝ The Korean Central News Agency

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հետևում է բալիստիկ հրթիռի արձակմանը 2016թ. մարտի 11
Նկարը՝ Ռոյթերսից/ The Korean Central News Agency

Հավելենք, որ փորձարկումներին անդրադարձել է Ճապոնիայի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ «Ճապոնիայի նկատմամբ սպառնալիքն ուժեղանում է»,— հաղորդում է բրիտանական « Ռոյթերս» պարբերականը:

Միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումն անհանգստացրել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին: Ինչպես հայտնում է ֆրանսիական «France24» լրատվական գործակալությունը, հունիսի 22-ի երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը արտակարգ հավաք է կազմակերպել և քննարկել Հյուսիսային Կորեայի քայլը: ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչի տեղակալ Ալեքսիս Լամեքը հայտնել է, որ Խորհրդի բոլոր անդամներն անհանգստություն են հայտնել կատարվածի վերաբերյալ: «Բոլոր անդամները համակարծիք են, որ փորձարկումները խախտում են ԱԽ բանաձևերը»,— հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Լամեքը: Նա նշել է, որ առաջիկայում ԱԽ-ն համատեղ հայտարարությամբ հանդես կգա:

Ավելացնենք նաև, որ փորձարկմանն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա նշել է, որ «Հյուսիսային Կորեայի կրկնվող սադրիչ գործողությունները խարխլում են միջազգային անվտանգությունը:

Փորձարկումները ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի միանգամից մի քանի բանաձև է խախտում, այդ թվում՝ 2270 բանաձևը, որն ընդունվել է այս տարվա մարտի 2-ին: Սրանք քանիցս կոչ են անում Հյուսիսային Կորեային դադարեցնել այն գործողությունները, որոն կապված են բալիստիկ հրթիռների ծրագրին: ՆԱՏՕ-ն նախկինի պես կոչ է անում Հյուսիսային Կորեային ամբողջովին իրականացնել միջազգային իրավունքի համապատասխան իր բոլոր պարտականությունները և չսպառնալ կամ չիրականացնել բալիստիկ հրթիռների փորձարկումներ, հեռու մնալ հետագա սադրանքներից»,— հայտարարել է Ստոլտենբերգը, հաղորդում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *