Հունիսի 22-ին Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամները այդ երկրի Ազգային անվտանգության քարտուղար Իրինա Իմերլիշվիլիի հետ քննարկել են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում Եվրամիության առաքելությանը մասնակցելու համար վրաստանցի զինծառայողներ ուղարկելու հարցը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանի կայքը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հունիսի 21-ին համապատասխան հրաման է ստորագրել, որն ուժի մեջ կմտնի խորհրդարանի հաստատումից հետո:
Այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում Եվրամիության ուսումնամարտական առաքելությանը (European Union CSDP Military Training Mission in the Central African Republic – EUTM RCA) ներգրավված է վրաստանցի 5 զինծառայող: Եթե խորհրդարանը հաստատի նախագահի հրամանը, ապա աֆրիկյան այդ երկիր կմեկնի մեկ դասակ:
Զորախումբը մեծացնելու հարցը քննարկվել էր մայիսի 30-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում:
Վրաստանյան խմբի հիմնական առաջադրանքն արագ արձագանքման գործողություն իրականացնելն է, ինչպես նաև Եվրոպայից ժամանած հատուկ մարդկանց խմբով ուղեկցելն ու պաշտպանելը։ Վրաստանցի զինծառայողներն առաքելություն են իրականացնում 6 ամսվա ընթացքում: Զինծառայողների տեղափոխման բոլոր ծախսերը հոգում են Ֆրանսիան և ԵՄ-ն։
Տեղեկացնենք, որ ԵՄ-ն կարողանում է այդ երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնել ՄԱԿ-ի թույլտվությամբ։ Առաքելությունը մեկնարկել է 2014թ. փետրվարից։
Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի՝ վրաստանյան կողմը կարող է մասնակցել ԵՄ կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։ Այդ պահից էլ Վրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկյան երկրների համար։ Վրաստանն առաջարկը քննել է 2014թ. փետրվարի 20-ին կառավարության նիստում, որի ժամանակ էլ կառավարությունը համաձայնել է վրաստանյան կողմի ներգրավմանը։
2014թ. հոկտեմբերին այն ժամանակվա պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ վրաստանյան 150 հոգանոց զորախումբը դեկտեմբերին դուրս է գալու աֆրիկյան այդ երկրից՝ էբոլա վիրուսով չվարակվելու համար։ Սակայն, ինչպես երևում է, Վրաստանը շարունակել է մասնակցել առաքելությանը, սակայն զգալի կրճատել է իր զորախմբի թվաքանակը:
ԿԱՀ-ում իրավիճակը լարվել է 2013թ. դեկտեմբերից, երբ Բանգի մայրաքաղաքում բախումներ են եղել իսլամիստ զինյալների և քրիստոնյա ապստամբների միջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ փախստական է դարձել, հազարավորներն էլ զոհվել են։ Նախագահ Միշել Ջոտոդիան 2014-ի հունվարի 10-ին հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ ի զորու չէ հանգուցալուծել երկրում ստեղծված իրավիճակը։
Այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆրիկյան միությունը, Ֆրանսիան ու Եվրամիությունը։