ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2015 թ. Ռուսաստանի՝ Ադրբեջանին մատակարարած սպառազինության ցանկի, այդ թվում՝ տանկերի, հետևակի մարտական մեքենաների (ՀՄՄ) և խոշոր տրամաչափի հրետանային միջոցների հայտարարագիրը:
Հարկ ենք համարում շեշտել, որ սրանք ոչ թե նոր պայմանագրեր են, այլ նախկինում կնքված պայմանագրերով արտադրված զենքի փոխանցումներ:
Ըստ Ռեգիստրի՝ 2015-ի ընթացքում Ռուսաստանն Ադրբեջանին փոխանցել է 25 միավոր տանկ, 30 միավոր ՀՄՄ և 12 միավոր խոշոր տրամաչափի (100 մմ և ավելի) հրետանային միջոցներ։
Հաշվետվությունում նշված զինատեսակների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չկան, սակայն, հաշվի առնելով 2010-11 թթ. երկու երկրների միջև կնքված պայմանագրերը, ինչպես նաև ռուսաստանյան «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» բլոգի տեղեկությունը՝ խոսքը Տ-90Ս տանկերի, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետների մասին է:
Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Տ-90 տանկերի արտադրությամբ զբաղվող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության գլխավոր տնօրենը հայտնել էր, որ Ռուսաստանն ամբողջությամբ կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկեր մատակարարելու պարտավորությունը:
Ավելացնենք, որ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալներով՝ Ադրբեջանը պատվիրել էր ընդհանուր առմամբ 94 միավոր Տ-90Ս տանկ: Սակայն ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում Ռուսաստանի՝ 2013 (10 միավոր), 2014 (65 միավոր) և նշված 2015 թ. (25 միավոր) զեկույցներում նշված տվյալների համագումարում ստացվում է ընդհանուր առմամբ 100 միավոր նմանատիպ տանկ, որոնք Ռուսաստանը վերջին 3 տարիների ընթացքում մատակարարել է Ադրբեջանին:
ЦАМТО-ի վերը նշված տվյալների համաձայն՝ Ադրբեջանը պատվիրել էր 91 միավոր ԲՄՊ-3 ՀՄՄ . ՄԱԿ ռեգիստրի նույն տվյալներով՝ 2013-ին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է 10 միավոր հետևակի մարտական մեքենա, 2014-ին՝ 78 միավոր: Պատվիրված խմբաքանակը լրացնելուն մնացել էր 3 միավոր ԲՄՊ-3, սակայն 2015 թ. զեկույցում, ինչպես տեսանք, խոսքը Ադրբեջանին մատակարարված 30 միավոր ԲՄՊ-3-ի մասին է:
Այսպիսով՝ համաձայն ՄԱԿ-ի ռեգիստրի տվյալների՝ վերջին 3 տարիներին Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է ընդհանուր առմամբ 118 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա: Հիշեցնենք, որ ՀՄՄ-ներն արտադրող ընկերության ներկայացուցիչը 2015-ի դեկտեմբերին հայտարարել է, որ պայմանագրով նախատեսված ՀՄՄ-ների վերջնական խմբաքանակը Ադրբեջանին են մատակարարվելու 2016-ին:
Ինչ վերաբերում է հրետանային համակարգերին, ապա 2011 թ. Ադրբեջանի պատվիրած հրետանային, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային, զինատեսակներից են (տվյալները վերցված են ЦАМТО-ի հաշվետվությունից և դեռևս որևէ այլ աղբյուրով չեն հաստատվել).
- «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից (պատվիրված էր 18 միավոր, նախատեսված էր մատակարարել 2013 թ.)
- «Վենա» ինքնագնաց հրանոթ / ականանետ (18 միավոր, 2013 թ.)
- «Սմերչ» ՀԿՌՀ (18 միավոր, 2012 թ.)
- «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ (24 միավոր, 2013–14 թթ. մատակարարվել է 12 միավոր)
- 2Բ24/2Բ11 ականանետներ (400 միավոր, 2013 թ.)
Ինչպես տեսնում ենք, եթե վստահենք ЦАМТО-ի տվյալներին, ապա նշված պայմանագրով պարտավորությունները կատարելու համար Ռուսաստանն Ադրբեջանին պետք է մատակարարեր ևս 12 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ, որն էլ, ամենայն հավանականությամբ, մատակարարել է 2015-ին: Սակայն այս տվյալներում ևս կարող են սխալներ լինել: