Ղրղզստանում տեղակայված ռուսաստանյան «Կանտ» ավիաբազայում հակաահաբեկչական վարժանքներ են արել

Ղրղզստանում տեղակայված ռուսաստանյան «Կանտ» ավիաբազայի զինծառայողները մարտական պատրաստվածության ստուգման ընթացքում ոչնչացրել են պայմանական ահաբեկիչների: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

Կանտ ավիաբազա

Կանտ ավիաբազա

«Լավ սպառազինված «զորախումբը», օգտվելով գիշերային պայմաններից, փորձել է գրավել պահակակետը և առաջանալ դեպի ավիատեխնիկայի կանգառ: Պայմանական դիվերսանտները հսկվող տարածք մտել են միանգամից 3 կողմից, սակայն հայտնաբերվել են տեխնիկական միջոցներով», — նշվում է հաղորդագրության մեջ:

Հերթպահ ուժերը, հակաահաբեկչական ստորաբաժանման ուժեղացման և հատուկ ջոկատայինները տագնապով ոտքի են հանվել, շրջափակել են հարձակվողներին, այնուհետև գրոհով հետ վերցրել գրավված կառույցները:

Տեղեկացնենք, որ Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ավիաբազան ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի ՀՕՊ և ՌՕՈւ կազմում է: Այն համարվում է ՀԱՊԿ արագ արձագանքման համատեղ ուժերի բաղադրիչներից մեկը և իրականացնում է ՀԱՊԿ անդամ պետությունների ցամաքային և օդային տարածքի անվտանգության ապահովման առաջադրանքներ։

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները

«Կանտը» երկրորդ դասի օդանավակայան է և կարող է ընդունել Իլ-76, Ան-22, Յակ-42 և Ան-12 ինքնաթիռներ։ Այժմ Ղրղզստանի տարածքում Ռուսաստանն ունի 4 ռազմաբազա, որոնցից մեկն էլ հենց «Կանտն» է։

Ավիաբազան հիմնվել է 2003 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ 2009 թվականին Ռուսաստանը, համաձայն միջպետական համաաձայնագրի,  ևս 49 տարով երկարացրել է ավիաբազայի վարձակալության ժամկետը։ Ըստ որում՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել 25 տարով։ Ռազմաբազայի համար Մոսկվան Բիշքեքին ամեն տարի վճարում է ավելի քան 4,5 մլն ԱՄՆ դոլար։

2011 թվականին Ղրղզստանը հայտարարեց, որ Ռուսաստանն արդեն 4 տարի չի վճարել տեղակայված ռազմաբազաների վարձը։ Միայն դրանից հետո ՌԴ ՊՆ-ն վճարեց 15,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պարտքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *