Հունիսի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, նրա տեղակալ, գնդապետ Նիկոլոզ Աղլաձեն այցելել են Միջերկրական ծովում լողող ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հարի Թրումեն» (USS Harry S. Truman) ատոմային ավիակիր նավ, որտեղ հատուկ միջազգային հյուրերի համար ընդունելություն էր կազմակերպված: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Որևէ քննարկման կամ պաշտոնական իրադարձության մասին ՊՆ-ն չի տեղեկացնում, երևում է, որ այցն ընդամենը ճանաչողական բնույթ է կրել:
Նշենք, որ հունիսի 3-ից այդ ատոմային ավիակրից ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Հայտնի է, որ ավիակիրը մարտական հերթապահություն է իրականացնում տարածաշրջանում արդեն 8 ամիս: Ըստ տեղեկությունների՝ հունիսի վերջում նախատեսվում է նավի հետդարձն ԱՄՆ:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս նավի վրա ծառայում է շուրջ 5000 հոգի: «Հարի Թրումենին» փոխարինելու է հունիսի 13-ից Միջերկրական ծովում գտնվող «Դուեյթ Էյզենհաուեր» (USS Dwight D. Eisenhower) ավիակիրը: