ՊԲ զորավարժության ընթացքում հետազոտել են տանկերի գործողությունները թշնամու հարձակման ժամանակ

Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակում անցկացվել են մարտական հրաձգությամբ փորձնական հետազոտական զորավարժություններ, որոնց ներգրավվել են տանկային ստորաբաժանումներ: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ մամուլի ծառայության «Գոյամարտ» հեռուստածրագրից:

Հայկական տանկի կրակոցը հետազոտական զորավարժության ժամանակ

Հայկական տանկի կրակոցը հետազոտական զորավարժության ժամանակ

Տագնապ ազդանշանով տանկերը երթարշավով զբաղեցրել են կրակային բնագիծը և քայլեր ձեռնարկել հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար: Այնուհետ, ստեղծված իրադրությունը հաշվի առնելով, տանկային ստորաբաժանումը խուսավարելով նոր կրակային դիրքեր է զբաղեցրել և խոցել հարձակման անցած հակառակորդի տանկերն ու օգնության հասած օդային ու ցամաքային թիրախները:

Երկարատև մարտական խնդիրներ կատարելու պատճառով անհրաժեշտություն է առաջանում լիցքավորել տանկերը, ինչը նույնպես անձնակազմը կարողանում է ժամանակին ու ճիշտ կատարել:

Զորավարժության ներգրավված զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը նշում է, որ զորավարժության նպատակն է եղել ուսումնասիրել Ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի գործողությունները և դրանց հակազդման ուղղությամբ հայկական ստորաբաժանումների և զորքերի գործողությունները:

«Զորավարժության թեման եղել է կենտրոնացման շրջանից կրակային բնագծի զբաղեցումը, մեծ հեռավորության վրա հակառակորդին ծավալման բնագծերում խոցումը», — «Գոյամարտի» թղթակցին տեղեկացրել է փոխգնդապետ Բաբայանը և ավելացրել, որ ուսումնական խնդիրների իրականացման ժամանակ անձնակազմը ցուցաբերել է բարձր մարտավարական և կրակային արդյունքներ:

Զորավարժության ընթացքին հետևել է ՊԲ մարտական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Սուրեն Սուրենյանը, ում խոսքով հետազոտական զորավարժությունը անցկացվել է Ապրիլյան մարտական գործողությունների մանրակրկիտ վերլուծության հիման վրա:

«Զորավարժության նպատակներն են հետազոտել և գնահատել յուրային և հակառակորդի զորքերի մարտական հնարավորությունները, ի հայտ բերել ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ամենահիմնավորված եղանակները, ինչպես նաև մարտական տեխնիկայի կիրառման ձևերը», — նշել է գնդապետ Սուրենյանը:

ՊԲ բաժնի պետի խոսքով՝ ստորաբաժանումները խուսավարումն իրականացրել են սահմանված ժամկետներում, գերազանց, իսկ թիրախները խոսել են 100 տոկոսով:

1 2 3

2 responses to “ՊԲ զորավարժության ընթացքում հետազոտել են տանկերի գործողությունները թշնամու հարձակման ժամանակ

  1. Pingback: ՊԲ-ում մոտոհրաձգային ստորաբաժանման հետազոտական զորավարժություն է անցկացվել | Ռազմ.info

  2. Pingback: ՊԲ մոտոհրաձգային ստորաբաժանումը հարձակողական զորավարժություն է անցկացրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *