ՌԴ զինված ուժերի Կասպյան նավատորմիղում անցկացվել են հակաահաբեկչական վարժանքներ

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Կասպյան նավատորմիղի՝ Աստրախանում, Մախաչկալայում և Կասպիյսկում տեղակայված զորամասերում անցկացվել են ահաբեկչության դեմ պայքարի համատեղ վարժանքներ, որոնց ներգրավվել է 300 զինծառայող, ավելի քան 20 միավոր ռազմական տեխնիկա: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը:

ՌԴ ԶՈւ զինծառայողը Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

ՌԴ ԶՈւ զինծառայողը
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ըստ սցենարի՝ պայմանական զինյալների խումբը, որի դերը կատարել են պահպանության վաշտի զինծառայողները, շրջափակել է զորամասի ճաշարանի համար սնունդ տանող մեքենան: «Զինյալները» ռազմավանների տարածք, այնուհետև զորանոցներ են ներխուժել, այնտեղ գերի են վերցրել հերթապահություն անող զինծառայողներից, փորձել են զենքի պահեստից զենք գողանալ:

Հաղորդվում է, որ ծովային հետևակի հակաահաբեկչական ստորաբաժանումը տագնապով ոտքի է հանվել, որից հետո զինծառայողները շրջափակել են «զինյալների» հսկողության ներքո գտնվող զորանոցը: Գերիներին ազատելու համար լրացուցիչ կանչվել է հատուկ ջոկատայինների խումբ, որը ազատել է գերիներին և ոչնչացրել պայմանական զինյալներին:

Վարժանքների ընթացքում կատարելագործվել են նաև զորամասի անձնակազմի՝ վիրավոր զինծառայողներին տարհանելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունները: Իրենց հերթին ինժեներասակրավորային դասակի զինծառայողները պայթուցիկների որոնողական և վնասազերծման աշխատանքներ են արել:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Կասպյան նավատորմիղը հակաօդային պաշտպանության վարժանքներ է արել Աստրախանում և Մախաչկալայում: Վարժանքներին ներգրավվել է նավատորմիղի 20 նավ, կատեր, որոնց թվում են՝ «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Մախաչկալա», «Աստրախան», «Վոլգոդոնսկ», «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերը, ինչպես նաև 2 միավոր Սու-24 ռմբակոծիչ, 2 միավոր Սու-25 գրոհիչ:

Հունիսի 9-ին էլ Կասպյան նավատորմիղի 20 նավ և կատեր, 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիա, ավելի քան 1000 զինծառայող մասնակցել են հրամանատարաշտաբային վարժանքների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *