Հունիսի 14-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Իրանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
Հայկական պատվիրակությանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր:
Այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ: Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն:
Ավելի վաղ՝ 2015-ի մայիսին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այցելել է Թեհրան, հանդիպել Իրանի պաշտպանության նախարարին, ինչպես նաև այցելել ԷԹՔԱ կազմակերպություն, քննարկել ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:
Իսկ արդեն 2016-ի փետրվարին Իրանի ՊՆ ԷԹՔԱ կազմակերպության պատվիրակությունն է այցելել Հայաստան: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է պատվիրակությանը և քննարկել սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները:
Pingback: ՀՀ ՊՆ-ում ընդունել են Իրանի պաշտպանության նախարարի տեղակալին | Ռազմ.info
Pingback: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին | Ռազմ.info
Pingback: Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել ռազմական ոլորտում. Վ. Ոսկանյան | Ռազմ.info
Pingback: Վիգեն Սարգսյանն այցելել է Իրանի բանակի թիկունքային ապահովումն իրականացնող ընկերություն | Ռազմ.info