Վրաց-աբխազական պատերազմում (1992-93) անհայտ կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման վերաբերյալ հանդիպման մասնակցելու համար հունիսի 16-ին Երևան է ժամանել վրացական պատվիրակություն: Այս մասին հայտնում է վրաստանյան Prime News Georgia լրատվակայքը:
Վրաստանի պատվիրակությունը գլխավորում է նախարար Սոզար Սուբարին (պաշտոնը՝ «օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների, փախստականների և վերաբնակեցման նախարար»): Աբխազական պատվիրակության կազմի մասին տվյալներ չեն հաղորդվել:
Հանդիպումը Հայաստանում անցկացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո:
[Լրացում] Սա կողմերի արդեն չորրորդ հանդիպումն էր Երևանում: Նախորդ հանդիպումը, կրկին ԿԽՄԿ հովանու ներքո, Երևանում անցկացվել է 2015-ի դեկտեմբերին:
Երևանում հանդիպումների անցկացման վերաբերյալ պարզաբանում տվել է նախկինում Վրաստանի պատվիրակության կազմում հանդիպումներին մասնակցած Գոգի Պացացիան: Նրա խոսքով Հայաստանը և Թուրքիան այն եզակի երկրներն են, որտեղ աբխազական կողմի ներկայացուցիչները կարող են մեկնել առանց վիզայի: Մյուս կողմից, ըստ Պացացիայի, կարևոր է նաև այն, որ Հայաստանը նույնպես անհայտ կորածների որոնման խնդիրներով է զբաղվում, և հայաստանցի մասնագետները կիսվել են իրենց փորձով:
Բացի Երևանից, անհայտ կորածների հարցերով վրաց-աբխազական հանդիպումներ եղել են նաև Ստամբուլում, Կիևում, վրաց-աբխազական սահմանին և այլ տեղերում:
ԿԽՄԿ տվյալներով՝ հանդիպումների և բանակցությունների արդյուքում 2010-ից մինչև 2016- մարտ ամիսը կատարվել է 162 անհայտ կորած անձանց մարմինների արտաշիրիմում, նրանցից 69 հոգու մարմինները հանձնել են հարազատներին, իսկ մյուսների մարմինները դեռ ճանաչման փուլում են:
1992-1993 թթ. վրաց-աբխազական հակամարտությունից վրացական կողմից անհայտ կորած է համարվում շուրջ 1500 հոգի, աբխազական կողմից՝ 100-ից ավելի մարդ:
Հոդվածի լրամշակումը կատարել են Ժաննա Վարդանյանը, Նազենիկ Սարոյանը և Զեմֆիրա Եգանյանը: