ՀՀ ՊՆ. Հայաստանը կիրառությունից դուրս եկած զենք է արտահանել Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է «Պանարմենիան» լրատվական կայքի այն տեղեկությունը, որ Հայաստանը զենք է արտահանել Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն:

«Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: ՀՀ-ը օրինական կարգով Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք», — նշված է ՀՀ ՊՆ ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Նախարարությունը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ զիատեսակներ են արտահանվել աֆրիկյան պետություն:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ 2014-ին Հայաստանը Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն է արտահանել 1,5 մլն դոլարի 9301 ապրանքախմբի արտադրանք: Նշված ապրանքախմբի մեջ մտնում են հրետանու բոլոր տեսակները, ավտոմատներն ու գնդացիրները, կարաբինները, մի շարք այլ զինատեսակներ: «Պանարմենիանը» հստակեցրել է, որ այդ ապրանքախմբի մեջ չեն մտնում զենքի մասերը, արկերը և փամփուշտները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *