Նինո Բուրջանաձեն կարծում է, որ Վրաստանում չպիտի լինի ո՛չ ռուսաստանյան, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի զորք

Հունիսի 15-ին Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, այժմ «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցական առաջնորդ Նինո Բուրջանաձեն «Իբերիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վրաստանում ո՛չ ռուսաստանյան, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի զորք չպիտի լինի:

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցական առաջնորդ Նինո Բուրջանաձե

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցական առաջնորդ Նինո Բուրջանաձե

«Կարծում եմ, որ Ռուսաստանն օկուպանտ է: Պետք է ամեն ինչ անել Վրաստանի տարածքից ռուսաստանյան զորքը հանելու համար [նկատի ունի Աբխազիայից և Հվ. Օսիայից— Razm.info], բայց միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն էլ պիտի Վրաստանի տարածքում չլինի»,— հայտարարել է Բուրջանաձեն:

Բուրջանաձեն հայտնել է, որ շատ հարցերում կարելի է Ռուսաստանին քննադատել, բայց այդ երկիրն իրեն պահում է ինչպես սովորական մեծ պետությունը և անում է այն ամենը, ինչ մյուս մեծ պետությունները:

«Վրաստանին դուր չի գալիս, երբ Ռուսաստանն ասում է, որ իր սահմաններին մոտ տարածքը իր հետաքրքրությունների գոտին է: Բայց երբ ԱՄՆ-ն խոսում է Իրաքում և Աֆղանստանում իր ռազմավարական հետաքրքրությունների մասին, դա բողոք չի առաջացնում: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք: Երբ Ամերիկան իրեն վատ է պահում, ասենք, որ վատ է պահում: Երբ Ռուսաստանն է իրեն վատ պահում, ասենք, որ ՌԴ-ն է վատ պահում: Ես քաղաքականությունում ռոմանտիկ չեմ», — վստահեցրել է վրաստանցի քաղաքական գործիչը:

Հավելենք, որ Բուրջանաձեն Վրաստանում համարվում է ռուսամետ գործիչ: Վերջինս մշտապես քննադատում է Վրաստանի՝ դեպի ՆԱՏՕ ձգտումները:

«Վրաստանը հնարավորություն չունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու։ Էլ ո՞ր լեզուներով դրա մասին նրանք ասեն։ Անգլերենով ասել են, ֆրանսերենով, գերմաներենով ասել են, տևական ժամանակ էլ վրացերենով ես եմ ասում։ Քաղաքական այն գործիչները, ովքեր այսօր նորից խոսում են Վրաստանի՝ Դաշինքի անդամ դառնալու հնարավորության մասին, ուղղակի սադրիչ ու ստախոս են, որ փորձում են միավորներ հավաքել իրենց արևմտյան գործընկերների մոտ», — 2015թ. հայտարարել էր Բուրջանաձեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *