Ուկրաինայում մարտերի ժամանակ վիրավորվել է վրաստանցի 2 մարտիկ

Հունիսի 12-ին Ուկրաինայում կռվող վրաստանյան լեգիոնը մասնակցել է հատուկ գործողության, որի ժամանակ 2 հոգի վիրավորվել է: Նրանցից մեկի վիճակը թեթև է եղել, մյուսը տեղափոխվել է Կիևի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Վրացական ազգային լեգիոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին:

Վրաստանցի Մամուկա Բոջաձեն վիրահատվել է

Վրաստանցի Մամուկա Բոջաձեն վիրահատվել է

Ինչպես նշում է Մամուլաշվիլին, Կիև տարված վրաստանցի Մամուկա Բոջաձեն վիրահատվել է, վիճակը նորմալ է:

Մամուլաշվիլին հայտնել է նաև, որ այդ գործողությունը պլանավորվել է Աբխազիայի սահմանին վրաստանցի Գիգի Օտխոզորիայի սպանությունից 2 օր հետո:

Ըստ Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության տվյալների՝ մայիսի 19-ին 4 անծանոթ մարդ Աբխազիայի սահմանին վիրավորել են Վրաստանի քաղաքացու, ով հիվանդանոցում մահացել է: Վրաստանն այս հարցով մեղադրում է Ռուսաստանին: ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ռուսաստանցի սահմանապահները միջադեպի հետ կապ չունեն:
Իր հերթին Աբխազիայի գլխավոր դատախազը նախնական տեղեկություններ է հաղորդել, որ «Վրաստանի քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է հատել սահմանը, սահմանապահները նրան կանգնեցրել են, վերջինս սպառնացել է սահմանապահներին խեղդել, սկսված վիճաբանության ժամանակ սահմանապահները ստիպված են եղել կրակել վրաստանցու վրա»:

«Գիգի» անվանումը ստացած գործողությունը, ըստ ամենայնի, «վրեժի լուծման» ակտ է եղել: Գործողությունը ղեկավարել է «Վրացական ազգային լեգիոնի» հրամանատարի տեղակալ Զուրաբ Չեշալիձեն:

Հավելենք նաև, որ 2016թ. փետրվարի 11-ին հայտնի դարձավ, որ «Վրացական ազգային լեգիոնը» պաշտոնապես մտել է Ուկրաինայի զինված ուժերի կազմի մեջ: Վրաստանցիներն այժմ կռվում են 25-րդ գումարտակի կազմում:

Հիշեցնենք, որ 2014թ. մինչ օրս հայտնի է դարձել Ուկրաինայի կռիվներում 7 վրաստանցի կռվողի զոհվելու մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *