Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, նիստը նախագահել է նախարարի տեղակալ Ա. Նազարյանը: Նիստին մասնակցել են «Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամ» (Swiss Foundation for Mine Action) կազմակերպության հայաստանյան ծրագրի ղեկավար Յոհաննես Օդենդալը և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը:
Յոհաննես Օդենդալը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ականազերծման գործողությունների օժանդակության նպատակով շվեյցարական կազմակերպության առաջարկությունը, որը ներկայացվել է ԱՄՆ պետքարտուղարության հավանությանը:
Քննարկման ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ականազերծման գործողություններում հումանիտար կարողությունների զարգացման, ականապատ տարածքների քարտեզագրման, հատուկ տեխնիկայի, այդ թվում` ականազերծման աշխատանքների նպատակով թռչող անօդաչու սարքերի կիրառման, ինչպես նաև միջազգային այլ դոնոր-կազմակերպությունների հետ համագործակցությունը հեշտացնելու նպատակով հոգաբարձուների խորհրդի ստեղծման հարցերը:
Յոհաննես Օդենդալը առանձնահատուկ նշել է շվեյցարական կազմակերպության հանձնառությունը Հայաստանի հետ մշակված ծրագրի առաջին փուլն իրականացնելու հարցում:
«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհուրդը բաղկացած է ՀՀ պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարների տեղակալներից և հանդիսանում է խորհրդակցական կոլեգիալ մարմին: