ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է հունիսի 14-ից Ռուսաստանի զինված ուժերում մեկնարկած հանկարծակի ստուգումներին, նշելով, որ «հանկարծակի ստուգումները խախտում են Եվրոպայում ռազմական թափանցիկության մեխանիզմները»: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ » լրատվական գործակալությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Դաշինքը կողմ է «հանկարծակի զորավարժությունների մոնիթորինգի մեխանիզմների ստեղծմանը»:
«Մենք լրատվամիջոցներում տեսանք, որ հանկարծակի զորավարժություններ են սկսվել: Երկար ժամանակ մենք մի շարք այսպիսի վարժանքներ տեսել են: Խնդիրն այն է, որ չի պահպանվում համաձայնությունը, այդ թվում՝ զորավարժությունների մոնիթորինգի և վերահսկման Վիեննայի փաստաթուղթը: Այդ իսկ պատճառով նրանք խախտում են ռազմական թափանցիկությունը», — «ՏԱՍՍ»-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնել է Ստոլտենբերգը:
Վերջինս հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ն կողմ է Վիեննայի փաստաթղթի արդիականացմանը:
Նշենք, որ հունիսի 14-22-ը Ռուսաստանի զինված ուժերում լայնամասշտաբ ստուգումներ են անցկացվում: Ստուգվելու են սպառազինության և տեխնիկայի պահման բազաները, ինչպես նաև զինվորական կառավարման առանձին մարմիններ:
ՆԱՏՕ-ի անհանգստությանն արդեն պատասխանել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում: «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը հայտարարել է, որ Մոսկվան հանկարծակի ստուգումների մասին զգուշացրել է ՆԱՏՕ-ին, փաստաթղթերի խախտում չի եղել:
Ըստ նրա՝ Դաշինքը շարունակում է կողմ լինել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթում փոփոխություններ անելուն, «որպեսզի կարողանա հետևել նրանց (նկատի ունի զորավարժություններին)»:
«Այլ հարց է, որ նման տեսակի զորավարժությունները փաստաթղթով նախատեսված չեն», — ասել է Կելինը: