Հունիսի 6 – 12-ին Թուրքիայում անցկացվել են այդ երկրի ԶՈւ 66, Ադրբեջանի՝ 30, Բուլղարիայի՝ 21 և Վրաստանի զինված ուժերի 19 հատուկջոկատայինների վարժանքներ: Զորավարժության ավարտի մասին հունիսի 13-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը, իսկ ներգրավված զինծառայողների մասին տվյալները տրամադրել է թուրքական «Միլլիեթ» պարբերականի կայքը՝ հունիսի 11-ին:

Թուրքիայում՝ Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հատուկջոկատայինների մասնակցությամբ անցկացված զորավարժությունից
Վարժանքների ընթացքում մասնակից երկրների ստորաբաժանումներն իրականացրել են գումարտակների կազմով համատեղ գործողություններ, վաշտերի կազմով մարտավարական վարժանքներ, ինչպես նաև՝ ջրային և օդային գործողություններ:
Օդային գործողություններին՝ դատելով հրապարակված լուսանկարներից, ներգրավվել է ամերիկայն «Սիկորսկի» ընկերության UH-60M Black Hawk բազմանպատակային ուղղաթիռ:
Զորավարժության հայտարարված նպատակները մասնակից երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փորձի փոխանակումն ու համատեղ գործողությունների կատարելագործումն էին:
Վարժանքներն անցկացվել են Թուրքիայի ԶՈւ «Լեռնային կոմանդոսների դպրոցի» ուսումնական զորավարժարանի տարածքում, որը տեղակայված է երկրի արևմտյան Սպարտա նահանգի Էղիրդիր գավառի տարածքում: Վարժանքների մի մասն անցկացվել են նաև համանուն լճի ջրային տարածքներում:
Հիշեցնենք, որ զորավարժության մեկնարկի մասին տվյալներ հրապարակել էինք հունիսի 6-ին:

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Բուլղարիայի հատուկջոկատայինների վարժանքներին ներգրավված UH-60M Black Hawk բազմանպատակային ուղղաթիռ
Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info