Հունիսի 10-ին Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ԱՄՆ բանակի պահեստազորի սպաների պատրաստության կորպուսի 33 կադետի համար անցկացված դասընթացը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 3 շաբաթ տևած դասընթացի մասնակիցներին ավարտելու կապակցությամբ շնորհավորել և վկայականներ է հանձնել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:
«Այս դասընթացը բավական հետաքրքիր և լարված էր: Ուրախ եմ, որ կարողացաք անցնել: Ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ են հետաքրքրվում այս դպրոցով», — հայտնել է Կապանաձեն:
Պարապմունքների ժամանակ կադետները սովորել են լեռներում տեղաշարժվել, ժայռերից իջնել, ճգնաժամային իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերել և այլն:
Վկայականների հանձման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Դոլիձեն, նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին:
Հավելենք, որ Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցը բացվել է 2006 թվականին՝ Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ։ 2010 թվականից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ ծրագրին մասնակցող երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստվել այդտեղ։
Սաչխերեում պատրաստվում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողները: 2007թ. Հայաստանից վերապատրաստվել է 11 զինծառայող, 2011թ.՝ 21, 2012թ.՝ 62, 2013թ.՝ 113, 2014թ. ՝ 26 զինծառայող։
Ռազմինֆոն բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015 թվականին հաշվել է ՀՀ ԶՈւ 18 զինծառայողի, ովքեր վերապատրաստվել են Սաչխերեում։