Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ավելի քան 1500 զինծառայող «Ձարցեմի» զորավարժարանում վարժանքներ է անում: Մասնակիցները սովորում են մարտի ընթացքում կիրառել հրաձգային զենքեր, ռազմական տեխնիկա՝ այդ թվում Տ-72ԲՄ տանկեր, ԲՄՊ-2 հետևակաի մարտական մեքենաներ, ինքնագնաց «Ակացիա» հաուբիցներ: Այս մասին հունիսի 10-ին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պարապմունքների ժամանակ ակտիվորեն օգտագործվում են «Զաստավա», «Գրանատ» «Օրլան» և «Լեեր» անօդաչու թռչող սարքեր: Պարապմունքներն իրականացվում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան 4-րդ ռազմաբազայում սկսվել է ամառային ուսումնական փուլը: Մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ հյուրերին ներկայացվել է ռազմաբազայի սպառազինությունը, այդ թվում՝ Տ-90 տանկ, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա, «Ակացիա» ինքնագնաց հաուբից: