Հունիսի 9-ին Չեչնիայի խորհրդարանի պատգամավորները նիստի ժամանակ նախագահական ընտրությունների անցկացման համար նշանակել են սեպտեմբերի 18-ը: Այս մասին տեղեկացնում է Չեչնիայի խորհրդարանի պաշտոնական կայքը:
Խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը հայտնել է, որ կասկած չունի, որ ժողովուրդը դարձյալ կընտրի Ռամզան Քադիրովին:
Հավելենք, որ Ռամզան Քադիրովի պաշտոնավարման ժամկետն անցնում էր այս տարվա մարտին: Սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին վերջինիս նշանակել է Չեչնիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և հույս հայտնել, որ Քադիրովը դարձյալ կմասնակցի ընտրություններին:
Ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին, Չեչնիայի ղեկավարը հայտարարել էր, որ կատարել է իր աշխատանքը և չի ցանկանում վերընտրվել, սակայն «եթե ասեն շարունակիր ծառայել, կծառայեմ»:
Հիշեցնենք, որ Քադիրովը Չեչնիայի նախագահն է 2007 թվականից: 2-րդ անգամ խորհրդարանը վերջինիս հաստատել է նախագահի պաշտոնում 2011 թվականի մարտի 5-ին: