Այսօր՝ հունիսի 10-ին, ղազախստանյան Ակտոբե քաղաքում ուժային կառույցները հատուկ գործողություն են իրականացրել հունիսի 5-ին ահաբեկչական գործողություն իրականացրած ահաբեկիչներին հայտնաբերելու և ոչնչացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի Ազգային անվտանգության հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հետախուզական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են հետախուզվող ահաբեկիչների վայրերը: Նախապես անվտանգության միջոցների պահպանման նկատառումներով տարհանելով Նեկրասով փողոցի բնակիչներին, ուժայինները շրջափակել են այն տունը, որտեղ թաքնվելիս են եղել զինյալները: Բանակցության ժամանակ զինյալները չեն համաձայնել ինքնակամ հանձնվել և սկսել են կրակել ուժայինների ուղղությամբ: Հատուկ գործողության ժամանակ բնակարանում գտնվող 4 ահաբեկիչ ոչնչացվել է, ուժայինների և քաղաքացիականների թվում տուժածներ չկան:
Նշվում է նաև, որ մեկ այլ հատուկ գործողություն է իրականացվել Մյասոեդովա և Արինովա խաչմերուկում: Ահաբեկիչներին աջակցող զինյալը սկսել է կրակել պարեկություն անող ոստիկանների վրա, ինչին ի պատասխան տեղում ոչնչացվել է: Վիրավորվել է 2 ուժային:
Ակտոբեի շրջանում ահաբեկիչներին հայտնաբերելու համար հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են, գործողության ավարտի մասին ուժային կառույցը կտեղեկացնի հավելյալ:
Հավելենք, որ Ակտոբեում դեռևս հունիսի 5-ից հայտարարվել է ահաբեկչության վտանգի «կարմիր աստիճան», իսկ ամբողջ Ղազախստանում «դեղին աստիճան», որը շարունակվելու է 40 օր: Բնակչությանը հորդորվել է անվտանգության նկատառումներից ելնելով դուրս չգալ տներից:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքում ոչ ավանդական կրոնական, ծայրահեղական խմբավորումը զինված հարձակվել էր զենքի 2 խանութի և այդ երկրի Ազգային գվարդիայի զորամասի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 6 հոգի, որից 3-ը՝ զինծառայող: 38 զինծառայող էլ տարբեր վիրավորումներով բժշկական օգնություն էր ստացել:
Հունիսի 7-ի դրությամբ ոչնչացվել էր 13 ահաբեկիչ, ևս 8 հոգի ձերբակալվել էին, մի քանիսն էլ դեռևս հետախուզման մեջ են գտնվում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանաով հունիսի 9-ը այդ երկում հայտարարվել է սգո օր: Պետական կառույցներից իջեցվել են դրոշները: