Այսօր՝ հունիսի 8-ին, Երևանում ՀԱՊԿ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստում գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մինչև 2025թ. ժամկետի համար ՀԱՊԿ ռազմավարությունը, որի նախաձեռնողը եղել է հայկական կողմը:
«Փաստաթուղթն ուղղված է ՀԱՊԿ անդամ պետությունների դեմ ժամանակակից մարտահրավերների և վտանգների հակազդմանը», — ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով նույնպես մասնակցել է ԱԽ քարտուղարների նիստին: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը:
Խորհրդի նիստում հաստատվել է նաև ՀԱՊԿ պետությունների համար ահաբեկչական կամ ծայրահեղական ճանաչված կազմակերպությունների ցուցակը, որում ընդգրկվել է 92 կազմակերպության անուն: Այս ցուցակը թույլ կտա համակարգել այս կազմակերպությունների դեմ պայքարի գործողությունները ՀԱՊԿ անդամ պետություններում: Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է, որ 2009-ին ՀԱՊԿ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում էր 32 կառույց, 2010-ին՝ 47 կառույց, հիմա՝ 92 կառույց:
Բորդյուժան անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միավորված ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրին: Բորդյուժան նշել է,որ նման պայմանագրեր Ռուսաստանն ունի նաև Բելառուսի և Ղազախստանի հետ: Վերջնական աշխատունակության բերվելուց հետո բոլոր այդ համակարգերը միավորվելու են ԱՊՀ ՀՕՊ համակարգի մեջ, որով և ապահովվելու է ՀԱՊԿ ամբողջ տարածքի հակաօդային պաշտպանությունը:
Նշենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին 2015-ի դեկտեմբերի 23-ին ստորագրված համաձայնությունը օրեր առաջ քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ուղարկվել է խորհրդարանի վավերացմանը:
Բացի Հայաստանից, Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ է վարում նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների՝ Տաջիկստանի և Ղրղզստանի հետ: Ղազախստանի հետ նման համակարգի ստեղծման պայմանավորվածություն արդեն կա: Իսկ Բելառուսի հետ տարածաշրջանային ՀՕՊ համակարգն արդեն կազմավորված է, 2016 թվականից նախատեսվում է այն նշանակել մարտական հերթապահության:
Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր:
Ավելացնենք, որ ՀԱՊԿ-2025 ռազմավարության ստեղծման մասին առաջին անգամ 2015-ի սեպտեմբերին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների (Հավաքական անվտանգության խորհուրդ) նիստի ժամանակ: Սա նաև որպես ՀԱՊԿ նախագահողի՝ Հայաստանի հայտարարած առաջնահերթություններից մեկն է: