Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սահմանախախտ ադրբեջանցու հարցով երկխոսում է ՀՀ իշխանության հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի քաղաքացուն տեսակցելու հարցի շուրջ երկխոսության մեջ է Հայաստանի իշխանությունների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեպքի մասին Հայաստանի իշխանություններից արդեն ստացել է տեղեկություն: Այժմ կոմիտեն իշխանությունների հետ երկխոսության մեջ է՝ ադրբեջանցի քաղաքացուն անհապաղ այցելելու հարցի շուրջ՝ համաձայն կոմիտեի մանդատի: Նպատակն է գնահատել նրան պահելու պայմանները, ապահովել կապը նրա ընտանիքի հետ: Եվ կողմերի համաձայնության ու տվյալ անձի կամքի դեպքում ապահովել հայրենադարձությունը», — հայտնել է Ամատունին:

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի քաղաքացի 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձար քըզըն երեկ՝ հունիսի 7-ին, ադրբեջանական կողմից, սահմանը հատելով Մեհրաբի ուղղությամբ, անցել է Հայաստանի տարածք: Վերջինս Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *