Աբխազիայի լեռնային «Ցաբալ» զորավարժարանում ռուսաստանյան 7-րդ ռազմաբազայի հեռախուզական ստորաբաժանումների զինծառայողները վարժանքներ են անում: Ներգրավված են շուրջ 100 զինծառայող և 40 միավոր զինտեխնիկա: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքների ժամանակ կիրառվելու են ԲՏՌ-82Ամ զրահափոխադրիչներ, «Դոզոր» հետախուզական մեքենաներ, «Մուստանգ» ընտանիքին պատկանող ԿամԱԶ ավտոմեքենաներ: Պարապմունքների ժամանակ զինծառայողները կրակելու են ԲՏՌ-82ԱՄ-ից, դիպուկահար հրացաններից, «Պեչենեգ» գնդացրից, ԱԿ-74 ինքնաձիգից, խոցելու են ինչպես անշարժ, այնպես էլ շարժական թիրախներ: Ստորաբաժանումների հրամանատարներն առանձին հմտանալու են թիրախների հայտնաբերման, դրանց ոչնչացման հրամանները տալու մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ից էլ Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգներն են վարժանքներ անում: Մասնակցում է 700 զինծառայող, որոնց մեծ մասը գարնանային զորակոչի ժամանակ զորակոչվածներն են: Պարապմունքների ընթացքում զինծառայողները նորմատիվներ են հանձնելու տակտիկական, ինժեներական և կրակային պատրաստությունից: