Ղազախստանյան Ակտոբեում հակաահաբեկչական ռեժիմի ժամանակ ոչնչացվել է 13 ծայրահեղական զինյալ

Հունիսի 5-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքում ոչ ավանդական կրոնական, ծայրահեղական խմբավորումը զինված հարձակվել է զենքի 2 խանութի և այդ երկրի Ազգային գվարդիայի զորամասի վրա, ինչի հետևանքով զոհվել է 6 հոգի, որից 3-ը՝ զինծառայող: Այս մասին հայտնում է ղազախստանյան 24.kz կայքը:

Ղազախստանի Ակտոբե քաղաքը

Ղազախստանի Ակտոբե քաղաքը հակաահաբեկչական գործողության ժամանակ

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամաբ, Ակտոբեում ընթանում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, հայտարարվել է ահաբեկչության վտանգի «կարմիր աստիճան», որը շարունակվելու է 40 օր: Բնակչությանը հորդորվել է դուրս չգալ տներից:

Ինչպես հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հունիսի 7-ի դրությամբ ոչնչացվել է զինված խմբավորման 13 անդամ: «Եվս 4 հոգի վիրավոր է, 7 հոգի էլ հետախուզման մեջ է: Ձերբակալվել է նաև 8 հոգի, որոնց կասկածում են զինված հարձակման համար»,— հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը:

Հայտնի է նաև, որ զինված հարձակումը Ղազախստանի իշխանությունները որակել են որպես ահաբեկչություն: Ազգային գվարդիայի զորամասը ուժեղացված հսկողության տակ է: Ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ-ի աշխատակիցները: Հունիսի լույս 7-ի գիշերը քաղաքում հանգիստ է անցել:

Ըստ ռուսաստանյան RTVI հեռուստաընկերության՝ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ղազախստանի ազատագրական բանակ» խմբավորումը: Իսկ իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչությունն իրականացրել են ծայրահեղական իսլամիստները:

Ակտոբեում իրավիճակն իր հսկողության տակ է վերցրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

2 responses to “Ղազախստանյան Ակտոբեում հակաահաբեկչական ռեժիմի ժամանակ ոչնչացվել է 13 ծայրահեղական զինյալ

  1. Pingback: Ղազախստանյան Ակտոբեում հատուկ գործողության ժամանակ սպանվել է ևս 5 ահաբեկիչ | Ռազմ.info

  2. Pingback: Ղազախստանյան Ակտոբեում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը, սպանվել է 18 զինյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *