5-րդ կորպուսում զորավարժություն է անցկացվել Ապրիլյան պատերազմի դրվագների կիրառմամբ

Մայիսի 24-ից հունիսի 2-ը «Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկի հրաձգային գումարտակի ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ժամանակ խաղարկվել են նաև Ապրիլյան պատերազմի գործողություններից որոշ դրվագներ: Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունիսի 4-ի թողարկումից:

Հայկական զինուժի հակահարձակումը զորավարժության ընթացքում

Հայկական զինուժի հակահարձակումը զորավարժության ընթացքում

Զորավարժության սցենարի համաձայն՝ ուսուցանվող կազմը նախ գումարտակը բերել է մարտական պատրաստության լրիվ աստիճանի և իրականացրել պաշտպանական մարտ: Թշնամին հարձակվել է, իսկ առաջնագծում զինծառայողները հակադարձ կրակում են, ապա նահանջում:

Այնուհետև գործի են անցնում հետախուզական հատուկ ջոկատայինները և իրականացնում հակագրոհ ու առաջնագծի վերականգնում:

Ուսումնական հավաքը ղեկավարել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, վարժանքներին հետևել է կորպուսի ամբողջ հրամկազմը:

Զորավարժության ղեկավարի խոսքով՝ հետևություններ են արվել Ապրիլյան պատերազմից, և ուսումնական մարտավարական առաջադրանքները հնարավորինս մոտեցվել են իրական ռազմական գործողություններին:

Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի խոսքով՝ զորավարժության հիմնական նպատակներն էին գումարտակի մարտական պատրաստության ստուգումը, հրամանատարների կրակի կառավարման հմտությունների, անձնակազմի դաշտային վարժվածության կատարելագործումը:

Աբրահամյանի խոսքով՝ զորավարժության ժամանակ հաշվի են առել Ապրիլյան ռազմական գործողությունների ինչպես հաջող գործողությունները, այնպես էլ թերացումները: Ընդհանուր առմամբ, ըստ ղեկավարի, զորավարժությունն անցկացվել է հաջողությամբ:

Մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում բացազատվել են նաև ուսումնական կետեր, որոնցում ներկայացվել են առաջնագծում դիտարկման համար նախատեսված սարքերը, շարժական տեխնիկական սպասարկման միջոցները, ռադիոհետախուզական տեխնիկան, ինժեներական սարքավորումները, սակրավորների հատուկ հանդերձանքը, ինչպես նաև զինվորների սնունդը:

One response to “5-րդ կորպուսում զորավարժություն է անցկացվել Ապրիլյան պատերազմի դրվագների կիրառմամբ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 5–11 հունիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *