Բալթիկ ծովում անցկացվում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների BALTOPS-2016 զորավարժությունը

Հունիսի 3-18-ը Բալթիկ ծովում անցկացվելու է BALTOPS-2016 զորավարժությունը, որին մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 17 պետություն: Զորավարժությունը փուլ առ փուլ ընթանալու է 5 երկիրում՝ Էստոնիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Լեհաստանում և Գերմանիայում:

BALTOPS 2015 զորավարժությունից

BALTOPS 2015 զորավարժությունից
Նկարը՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ կայքից

Զորավարժությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ պետություններից՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Բելգիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան,Լեհաստանը, ինչպես նաև գործընկեր 2 երկիր՝ Շվեդիան և Ֆինլանդիան: Վերջին երկիրը այս զորավարժությունն իր երկրում հյուրընկալում է առաջին անգամ:

Հունիսի 6-8-ը ֆիննական Հանկոյում անցկացվող զորավարժությանը ներգրավված է 600 զինծառայող Ֆինլանդիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից և Նիդերլանդներից: Այս փուլի նպատակն է զարգացնել մասնակից պետությունների ստորաբաժանումների փոխգործակցությունը, պատրաստել նրանց զորավարժության՝ շվեդական Ուտոյում անցկացվելիք մարտավարական փուլին: Վարժանքների շրջանակներում Ֆինլանդիան նաև ծովում համատեղ գործողություններ անելու համար պիտի փոխգործակցի հարևան Շվեդիայի հետ:

Հարկ է նշել, որ ամենամյա այս զորավարժությունը Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ուժի ցուցադրություն է: Նախորդ տարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ավելացնում է Եվրոպայում իր զորավարժությունները որպես պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին:
Այս տարի զորավարժությանը ներգրավված է 6100 զինծառայող, 49 նավ, 60 ինքնաթիռ, 3 սուզանավ:

BALTOPS (Baltic Operations) ամենամյա զորավարժության նպատակը ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ գործողությունների վարժեցումն է, ինչպես նաև Բալթյան տարածաշրջանի սպառնալիքների դիմակայումը: Վարժանքների ընթացքում ստորաբաժանումները կատարելու են հակաօդային պաշտպանության, հականավային, հակասուզանավային ու դեսանտային գործողություններ:

BALTOPS-ն անցկացվում է 1972 թվականից։ Նախկինում ներգրավվում էին միայն ՆԱՏՕ-ի ուժերը, իսկ 1993 թվականից հրավիրվում են նաև նոր մասնակիցներ։

One response to “Բալթիկ ծովում անցկացվում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների BALTOPS-2016 զորավարժությունը

  1. Pingback: Էստոնիայում անցկացվում է Saber Strike միջազգային զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *