Վրաստանի պաշտպանության նախարարն Աֆղանստանում հանդիպել է այդ երկրում իր գործընկերոջը

Վարշավայի գագաթաժողովի նախապատրաստական շրջանում Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին այցելել է Աֆղանստան, որտեղ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայում են նաև վրաստանցի զինծառայողները: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի պաշտպանության նախարարը Բահրամ ավիաբազայում

Վրաստանի պաշտպանության նախարարը Բահրամ ավիաբազայում

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Խիդաշելին այցելել է այն ռազմաբազաներ, որտեղ տեղակայված է վրաստանյան զորախումբը: Թինա Խիդաշելին իր տեղակալ Բեսիկ Լոլաձեի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Նիկոլոզ Աղլաձեի, ինչպես նաև վետերանների հարցերով պետական ծառայության պետ Կոբա Կոբալաձեի հետ այցելել է Բահրամ ավիաբազա, ծանոթացել այն հանձնարարություններին, որոնք իրականացնում են վրաստանցի զինծառայողները:

«Մեր յուրաքանչյուր ռոտացիայի ժամանակ աշխատում ենք այցելել Աֆղանստան, տեղում հանդիպել տղաներին, իմանալ՝ ինչ խնդիրներ կան: Մենք հանդիպում ենք նաև գեներալների հետ [հավանավար նկատի ունի ռազմաբազաներում առաքելության ղեկավարների հետ] «Վճռական աջակցություն» առաքելության հարցերը քննարկելու համար:
Վարշավայի գագաթաժողովում քննարկվելիք ամենակարևոր հարցերից մեկը լինելու է հենց «Վճռական աջակցություն» առաքելությունը և մինչև գագաթաժողովը կարևոր է այստեղի գեներալների հետ համաձայնեցնել մեր դիրքորոշումը», — հայտարարել է Խիդաշելին:

Վրաստանի պաշտպանության նախարարն Աֆղանստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպելիս

Վրաստանի պաշտպանության նախարարն Աֆղանստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպելիս

Հունիսի 5-ին Բահրամ այցելության ժամանակ Խիդաշելին հանդիպել է նաև Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլլա Խանի հետ: Կողմերը քննարկել են երկրում իրավիճակը և գործընկերային հարաբերությունների խորացման հարցեր: Այնուհետև Խիդաշելին հանդիպել է նաև «Վճռական աջակցություն» առաքելության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սենդի Սթորին (Sandy Storrie) հետ: Հանդիպմանը քննարկվել են առաքելությանը վրաստանյան զորախմբի մասնակցության հարցը, հետագա համագործակցության հեռանկարները:

Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին առաջիկա շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ի` Վարշավայում հուլիսի 8-9-ը կայանալիք գագաթաժողովի պատրաստության հարցերով այցելելու է նաև ՆԱՏՕ-ի անդամ մի քանի պետություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *