Հունիսի 3-ին Վրաստանի ազգային «Կրծանիսի» ուսումնական կենտրոնում ավարտվել է ավիացիայի և հակաօդային պաշտպանության կրտսեր սպայական կազմի և մասնագետների համար նախատեսված 36 շաբաթ տևողության վերապատրաստման դասընթացը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դասընթացն անցել է 5 զինծառայող: Ավարտելու կապակցությամբ նրանց շնորհավորել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:
Նշվում է, որ դասընթացի շրջանակներում զինծառայողները սովորել են զենիթահրթիռային համալիրների շահագործման, դրանց մարտական կիրառման հմտություններ:
Հիշեցնենք, որ այժմ Վրաստանի զինված ուժերում անցկացվում է ջոկի հրամանատարների 13-շաբաթյա վերապատրաստման դասընթաց, ինչպես նաև Լյուքսեմբուրգի ԶՈւ մասնագետները մարզում են Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներին: